Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վարվառեին։ Անմիջապես այցելել նրան, երբ հայրը տանը չէ — կլիներ հանդգնություն, գոնե այսպես էր կարծում Ռոստամյանը։ Օրական մի քանի անգամ նա պատշգամբի վրա տեսնում էր Վարվառեի տխուր և խոհուն կերպարանքը։ Արդյոք, կամենո՞ւմ է նա վերջ տալ յուր երկդիմի կացությանը, արդյոք չի՞ մտածում, որ մի չափազանց համարձակ քայլ է գործել հասարակական նախապաշարմունքների դեմ կամ մի գուցե արդեն, զղջալով յուր արածի մասին, մտադիր էր կրկին ընդունել ատելի լուծը։

Այս խորհրդածությունների մեջ Ռոստամյանը մի օր, տուն վերադառնալու ժամանակ, պատահեց Մինաս Կիրիլլիչին։ Ծերունին կանգնած էր Դվարցովայա փողոցի մագազիններից մեկի առջև և, կարծես նայում էր դեպի ներս։

— Դրացի, բարև,— ասաց Մինաս Կիրիլլիչը, ձեռը մեկնելով Ռոստամյանին։ — Այս հայտարարությունն էի կարդում,— ավելացրեց նա, մատով ցույց տալով մի տպագիր մեծ թերթ, որ դրած էր մագազինի պատուհանում։— Վաղը բարեգործական նպատակով նվագահանդես է, ուզում եմ Վարվառեի համար տոմսակ վերցնել․ մեծ պաս է, թատրոն չկա, իսկ նա երաժշտություն շատ է սիրում։ Դուք գնալո՞ւ եք։

— Այո,— արտասանեց անգիտակցաբար Ռոստամյանը, որ մտադիր չէր որևէ նվագահանդես գնալու։

Նրանք միասին մտան մագազին, ուր սովորաբար վաճառվում էին բարեգործական ներկայացումների համար տոմսակներ։ Ծերունին վերցրեց առաջին կարգից երկու բազկաթոռ, իսկ Ռոստամյանն յուր համար վերցրեց հետին աթոռներից մեկը։ Դուրս գալու ժամանակ, տոմսավաճառ պարոնը, որի հետ Ռոստամյանը հեռավոր ծանոթություն ուներ, մի քանի վայրկյան պահեց նրան։

— Ով է այդ ծեր մարդը,— հարցրեց պարոնը, հետաքրքրվելով։

Ռոստամյանն ասաց ծերունու ազգանունը։

— Մոզդոկցի չէ՞։

— Մոզգոկցի է։

— Աաա՜,— ձգձգելով արտասանեց տոմսավաճառը,