Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցանկությունը, պարոն Ռոստամյան,— շարունակեց Կատոն հեգնորեն,— ո՞րտեղ էր, որ դուք ամբողջ բարեկենդանին տնից դուրս չէիք գալիս։ Հիմա, խոմ, մեծ պաս է, ճգնավորների համար ապաշխարելու օրեր են։

— Ես կարծում եմ, տիկին, իմ բացակայությունն այնքան աննշան մի հանգամանք է, որ ոչ ոքի համար նկատելի չէ, ուրեմն և՛ իմ ներկայությունն էլ չի կտրող հետաքրքրելի լինել,— պատասխանեց Ռոստամյանը, ներքուստ վիրավորված խորամանկ Կատոյի արհամարհական ակնարկությունից։

— Բայց տեսնո՞ւմ եք, ինձ համար խիստ հետաքրքրելի է ձեր ներկայությունն այստեղ։ Ո՞րտեղ է ձեր «դամա»-ն։

— Ո՞ւմ մասին եք հարցնում, տիկին։

— Իբր թե չեք հասկանում… ձեր հարևանի մասին եմ հարցնում… ա՛խ, ինչպես է նրա ազգանո՞ւնը… Սպառեցե՛ք, սպասեցե՛ք, ես շատերի անունները չեմ կարողանում հիշել, և հարկավոր էլ չէ, բայց ազգանունը, ա՛խ, մադամ… մադամ, ի՞նչպես է, տեր աստված, նրա մարդու ազգանունը, հա մադամ Միզանդրոնցով… Ահա, նա ինքն յուր հոր հետ։ Գնանք նրանց մոտ. ինչպես երևում է, նրանք, առանց Ստեփան Գրիգորիչի, տխրում են։

Բայց Ռոստամյանը չմոտեցավ Վարվառեին։ Կատոն, թռցնելով նրան, գնաց վերջինի մոտ, հետևից քաշելով և յուր կավալերին։ Դա այն նորաձև հագնված երիտասարդն էր, որ Կատոյի ամուսնու հետ առաջին խաղամիջոցում անցավ և Վարվառեի վրա խեթ խեթ նայեց։

Կատոն բարևելով Մինաս Կիրիլլիչին ու «մադամ Միզանդրոնցովին», հարցրեց, արդյոք, չեն տխրում «մեծպասման» երեկույթում։ Նորաձև հագնված պարոնը սկսեց միջամտել խոսակցությանը, աշխատելով Վարվառեի ուշադրությունը յուր վրա դարձնել, զանազան հրապուրիչ ձևեր տալով յուր կրծքին, դեմքին, նույնպես և անդադար ոլորելով յուր բարակ ընչացքը։ Նա ձգտում էր ծանոթանալ նորեկների հետ։ Սակայն «անգութ» Կատոն նրա լուռ խնդիրն անուշադիր թողեց, այնպես որ նորաձև երիտասարդը չհասավ յուր նպատակին։ Նրա բարկությունն ավելի գրգռվեց, երբ