Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կատոյի մարդը մոտեցավ, և կինը ծանոթացրեց նրան ծերունու ու սրա աղջկա հետ։ Վարվառեն ակամա յուր մատների ծայրերը միայն տվեց Կատոյի ամուսնուն։ Իսկ Մինաս Կիրիլլիչը թեև սեղմեց նրա ձեռն արտաքին քաղաքավարությամբ, բայց ներքուստ — նույնպես ակամա։ Թե՛ հոր և թե՛ աղջկա վրա Կատոյի կողակիցը հենց առաջին անգամից անախորժ տպավորություն գործեց։

Կատոն հարցնում էր Վարվառեի կարծիքը հայտնի երգչուհու մասին, կանխապես ինքը պարսավելով նրան, որպեսզի ցույց տա յուր «գեղարվեստական» ճաշակի նրբությունը։ Նորաձև երիտասարդը, տեսնելով, որ Վարվառեն միանգամայն իրան անուշադիր է թողնում, հեռացավ խմբից։ Նա մոտեցավ մի երիտասարդ տիկնոջ-թե՛ օրիորդի,- և սկսեց քաղցրախոսել, ժպտալով ու ծիծաղելով։ Կատոն նայեց նրա վրա, հովհարի ծայրն ատամներով թեթև կրծեց և հետո,թողնելով Վարվառեին, մոտեցավ յուր կավալերին։ Իսկ ամուսինը վազեց Կատոյի հետևից…

— Խոմ չե՞ս ձանձրանում, Վարիա,- հարցրեց Մինաս Կիրիլլիչը։

— Առայժմ ոչ, - պատասխանեց Վարվառեն։

— Շատ ուրախ եմ։

Մոտեցավ Ռոստամյանն, և նրանք, երեքը միասին, անցան ժողովարանի հյուրասենյակը, որ զարդարված էր արեվելյան ճաշակով։ Ծերունին հետաքրքրությունից դրդված,մտավ հյուրասենյակին կից ընթերցարանը, Վարվառեին թողնելով Ռոստամյանի հետ։

Վարվառեն նստեց տաճկական բազմոցներից մեկի վրա, Ռոստամյանը - նույնպես, մի քայլ տարածությամբ նրանից հեռու։ Դահլիճում պարում էին. լսվում էր դաշնամուրի ձայնն և պարողների ոտների տրոփյունը։ Հյուրասենյակում, բացի ժողովարանի մշտական հաճախորդ մի քանի ծերերից, կային և՛ մի քանի երիտասարդ կանայք ու տղամարդիկ։

Երևեցավ դարձյալ Կատոյի ամուսինն, այս անգամ միայնակ, և կրկին անցավ Վարվառեի ու Ռոստամյանի առջևից։ Ռոստամյանն երեսը դարձրեց մյուս կողմ, կարծելով,