Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կում անելով քիչ-քիչ: Երբ Հայրապետը լռեց, նա հանկարծ արագությամբ սրբեց բեղերը և, մի ձեռով բարձրացնելով օղու շիշը, մյուսով բաժակը, ասաց.


— Հայրապետ, մտքովս մին բան է անցնում, մին թաս էլ արաղ ածի՛ր, տեսնենք:


— Թող հազարն անց կենա, ամա խեր իլի: Ասում ես, որ ածեմ։ Օհո՛, բաշ յուստա, ջանս դուրս գա, ինչ անեմ, ճարս կտրած, պիտի դժվար հրամանդ կատարեմ։


Հայրապետը բաժակը պահեց ձեռքին, Բարխուդարը լցրեց մինչև ծայրը։


— Դե՛հ, հիմա կարող ես հրամայել, Բարխուդար ջան, տեր աստված, դու խերը վերաբերես։


— Խեր չիլած, ինչ կա, փառք աստուծո։ Հայրապետ, առաջ էս թասը խմենք մեր Սուսանի և Սեյրանի կենացը։ Ողորմած աստվածը մեր ծերության օրում մեզ խնայեց ու նրանց մեզ մեկ էլ նորից բաշխեց, թող օրես դեն էլ պահի ու պաշտպանի մեզ համար։


— Երկու ձեռներով պինդ պահի, աֆարիմ, աֆարիմ, Բարխուդար, ճարտար լեզվիդ ղուրբան,— բացականչեց Հայրապետը, միանգամից պարպելով բաժակը։


— Հայրապետ, քանի տարի է, մենք միասին հարևանություն ենք անում, էսքան ժամանակ, գոհություն աստուծո, մենք մի անգամ էլ իրարուց չենք նեղացեր


— Իսկի' իսկի՛ ո՛վ է տեսել, որ ես քեզ կամ դու ինձ ասած իլես. «այ մարդ, ոտդ էրվում է, մի կողմ դիր»,— ընդմիջեց Հայրապետը։


— Ինչպես մենք, էնպես էլ մեր օղլուշաղը, ապրել ենք սեր, միաբան, որ թե աստծուն է դուր եկել, թե մարդկանց,— շարունակեց Բարխուդարը։— Ինչ արած, որ եղբայր չեմ ունեցել, աստված վկա է, որ քեզ եղբորից ավելի եմ սիրել։ Էհ, Հայրապետ, չեմ իմանում, եթե մերս որ ինձ պես մեկն էլ ծներ, ես նրա հետ ինչպես պիտի վարվեի։ Մտիկ եմ տալիս հիմիկվա աշխարհին, մտիկ եմ տալիս հիմիկվա եղբայրներին ու օղորմի եմ տալիս մորս հոգուն, որ նա ինձ համար եղբայր չի ծնել։ Ո՛վ է իմանում, նա էլ ինձ համար ուրիշների եղբորց նման եղբայր կլիներ, որ հիմա