Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փողի համար իրարու գլուխներն են ծակում, ինչպես հրեն Ղարդուշանց Եփրեմը ու Գրիգորը։ Աստված վկա, ամեն մի մտիկ անելիս հիմիկվա աշխարհին, որ միտք եմ անում, մազերս դիք-դիք են կանգնում, մարմինս փշաքաղում էր Հայրապետ, ցավերս եռ են գալիս, բաշխիր, Հայրապետ, մարդս կեղտոտվել է, մարդս փչացել է։ Էլ հայա, էլ աբուռ չի մնացել, նամուս ասված բանը ճրագով որ փնտրես, չես կարող գտնել, չկա'։ Բայց աստված ինչ անի, որ էս ամենը տեսնելով, էսօրվա պես պատիժ չհասցնի մեր մեղավոր գլխին։ Թացն էլ էրվում է չորի կրակով։ Էլ գողություն ասես, մարդասպանություն ասես, խաբեբայություն, սուտ ասել, էլ մի մեղք չի մնացել, որ չանեն։ Չմուշկ կարողը փտած կաշուց է կարում, դերձակը մուշտարու չուխից ավելացած մահուդն է դազգյահի տակը կոխում կամ «մինդարալթի» անում, էլ որ մինը ասես։ Հիմա դե, էլ ինչ երկարացնեմ, Հայրապետ, խոսքս նա է, որ էս ամենը տեսնելով, մեր քաղաքի խալխից զզվել եմ և էդ պատճառով է, որ էսօրվա օրով ես ոչ մի մարդու հետ գործ չեմ ուզում բռնել։ Մի հատ մարդ, որ իմ աչքումս հալալ է երևում, Հայրապետ, դա դու ես։ Չասես, որ երեսիդ եմ ասում։ Ուրեմն, էս թասն էլ խմում եմ, որ աստված մեր եղբայրությունը մինչև մեր մահի դուռը հաստատ պահի…


— Ամեն, ամեն,— կրկնեցին մյուս կողմից Մարիամ բաջին և Գյուլնազը միաբերան հազիվ լսելի ձայնով։


Սմբատը, Սուսանն ու Սեյրանը արդեն քնած էին։ Իսկ ինչ վերաբերում է Հայրապետին — նա, օղիի ազդեցությունից փայլող աչքերը չռած, ուշադրությամբ լսում էր Բարխուդարի ճառը։ Վերջին խոսքերը լսելու ժամանակ խեղճ մարդը այլևս չկարողացավ զսպել յուր արտասուքը։ Նա սկսեց փոքրիկ մանկան նման հեկեկալ։


— Հիմա երեխայի պես լաց ես իլում, ամա ինչ որ մտքովս անցնում է, նա էլ որ ասեմ, Հայրապետ, պիտի ծիծաղես։ Անպատճառ կծիծաղես, ինչու որ շատ լավ բան եմ ասելու։


— Ասա՛, ասա՛, Բարխուդար ջան։ Իմ լեզուս, Տեր-Մաթալի