Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լսի՛ր։ Երեկ նրանք հայր ու աղջիկ կոնցերտումն էին։ Քո այդ ճգնավորդ էլ այնտեղ էր։ Ես ու Լազրոն նստած էինք երկրորդ կարգում, պատի տակ, մարդուց փախածն, յուր հոր հետ, նստած էր առաջին կարգում. դա էլ, քո այդ գովածն էլ, նստած էր մեզանից մի քանի կարգ հեռու։ Դա մտիկ է անում նրան, նա էլ դրան, երկուսն էլ ոչինչ չէին լսում կոնցերտից, իսկ ես ու Լազրոն ծիծաղում էինք։ Ճշմարի՞տ եմ ասում, Լազրո։

— Ճշմարիտ է, ճշմարիտ է,— վավերացրեց Լազրոն:

— Հետո՞, ի՞նչ անենք մտիկ էին անում, այդտեղ ի՞նչ սիրահարվելու նշան կա, ա՛խ Կատո, Կատո,— ասաց այրին, գլուխը հանդիմանորեն շարժելով։

— Մամա, լսի՛ր ու հետո ինձ հանդիմանիր։ Սիրահարվելն էլ այնպես կլինի, խոմ այնքան մարդկանց մեջ չէին ընկնելու իրար վզովն ու պաչպչվելու։ Հետո... երկար Ժամանակ միասին ման էին գալիս, աղջիկը փախչում էր հորից, խոսում էին, տեր աստված, խոսում էին, տաքացած, աչքերը վառված, կարմրած։ Սո՞ւտ եմ ասում, Լազրո, չէին խոսո՞ւմ։

— Շաա՜տ,— պատասխանեց Լազրոն։

— Ես Լազրոյին ասացի. «Լազրո, մի գնա՛, թաքուն կանգնիր նրանց մոտ ու ականջ դիր»։ Դե, հիմա թող Լազրոն ինքն ասի, թե ինչ է լսել...

— Էէ՜, թող նրանց, ի սեր աստուծու, Կատո, ի՞նչ մեր գործն է այդ,— ասաց Լազար Մակարիչը կնոջ թախանձանքից ազատվելու համար։

— Քեզ բան եմ հարցնում, պատասխանի՛ր,— գոչեց Կատոն բարկացած։— Ի՞նչ լսեցիր։

— Ոչի՛նչ,— պատասխանեց Լազար Մակարիչը կատակի ձևով։

— Ինչպես թե ոչինչ, գժվե՞լ ես, ի՞նչ է,— բացականչեց Կատոն, ծուռ-ծուռ նայելով ամուսնու երեսին։

— Այսինքն, Կատյուշա, ուզում էի ասել, որ մի խելոք բան չեմ լսել, դիփ ծրտի-պրտի բաների վրա էին խոսում։

— Քեզ ո՞վ է հարցնում, հիմար էին խոսում, թե խելոք, դու ասա ա՛յն ինչ որ լսել ես։

Շիրվանզադե, I հատոր—26