Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ասե՞մ, լավ, ասեմ, սպասի՛ր... էէ... մոռացել եմ, Կատո, աստված վկա, մոռացել եմ։

— Աա՛խ, դո՞ւ չէիր, որ այս գիշեր ասում էիր, թե լսեցի, որ մեկն ասաց. «Կյանքս տանջանք է, մյուսն էլ. «Ես ձեռք եմ վերցրել իմ մարդուց... գնանք այստեղից, հեռանանք» և այլն, և այլն։ Դու չէի՞ր, Լազրո, որ ասում էիր, թե մեկզմեկու ձեռը թաքուն սեղմում էին։ Հը՞մ, հիմա ի՞նչ պատահեց քեզ, որ մոռացար։

— Միթե ես այդպե՞ս եմ ասել, Կատո,— հարցրեց Լազար Մակարիչը զարմացած։

— Ուրեմն, ես սո՞ւտ եմ ասում:

— Արևդ վկա, Կատո, չեմ հիշում։ Է՜հ, միևնույնն է, ասա սիրահարված են, պրծավ գնաց...

— Դու հիմար ես, Լազրո, շատ հիմար ես, միշտ հարկավոր բաները մոռանում ես։ Բայց միևնույնն է, դու մոռացել ես, ես չեմ մոռացել, ես էլ իմ ականջովս լսել եմ ու աչքովս տեսել նրանց ասածն ու արածը։ Ինչ օգուտ ունիմ ես, որ մամային խաբեմ։ Հա՛, ինչ էի ասո՞ւմ,— շարունակեց Կատոն, կատարյալ ազատություն տալով յուր բորբոքված երևակայությանը։ — Հա՛, ես, մամա, քո պատմածը պատմեցի մադամ Սազանդարովին, նա էլ պատմեց յուր եղբոր կնոջը, հետո մեկը՝ մյուսին, ամենքը սկսեցին մտիկ անել նրանց վրա։ Ով ասես, ծիծաղում էր քո այդ խելոք կենողիդ վրա, թեկուզ շատերն էլ չէին ճանաչում։ Խեղճն այնքան անկիրթ է, որ հասարակության մեջ ման գալու ձևն էլ չի իմանում. շուտ շուտ դիպչում է անցնողներին։ Սա ու նա, ծիծաղելով ինձ ասում են. «Ձեր մոր մոտ կենողը, բացի յուր հետ ման եկողից, այստեղ ոչ ոքի չի տեսնում, սիրահարված է»։ Դեհ, այժմ, մամա, ինքդ ասա, ի՞նչ պատահեց այդ աղին, որ մինչև հիմա տարենը մի քանի անգամ հանդեսներ չէր գնում, հիմա տանը չի կարողանում նստել։ Սիրահարված է, հավատա՛ աստված վկա, սիրահարված է, թե՛ դա և թե նա, երկուսն էլ։ Բայց դա ո՞ւմ վրա է սիրահարվել, ո՞ւմ վրա, տեր աստված, դու հեռու պահես մեզանից... Ֆի դո՜ն...