Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հոգեկան այս տրամադրության մեջ նա մի տարօրինակ մխիթարություն էր զգում, երբ դրսում տեսնում էր զանազան թշվառ և մուրացիկ արարածներ։ Իսկ այդպիսիների թիվը, տոների պատճառով, փողոցներում օրեցօր ավելանում էր, մանավանդ Գալավինսկի պրոսպեկտի վրա, ուր ամեն օր զբոսնում էր ծերունին։

Եվ ի՜նչ տեսակ խեղճեր, խեղանդամներ էին սփռված այդտեղ։ Ահա՛ մեկը, զուրկ երկու թևերից, փայտի պես ցցվում է սրա ու նրա առջև։ Ահա՛ մյուսը, առանց ոտների։— Խեղճության զարմանալի հնարագիտությո՞ւն։ Անդամալույծ արարածը, երկուսի փոխարեն, ութ հատ երկաթյա ոտներ է շինել — չորս-չորս յուրաքանչյուր կունտ ծնկան տակ — և, երկու ձեռներում մի-մի փայտ բռնած, շրջում է տասն ոտներով։ Նա, կարծես, բավական է համարում յուր ծանր դժբախտությունը, որպեսզի շարժի անցորդների գութը. նա ոչ ոքի առջև չի աղերսում, լուռ անցնում է ընդարձակ մայթով, և ողորմած մարդիկ իրանց սև լուման ձգում են նրա ափի մեջ։

Բայց ահա՛ մի ավելի դժբախտը։ Մի փոքրիկ սայլակի վրա, ցնցոտիների մեջ, գտնվում է ինչ-որ սև, կեղտոտ բան։ Դա մարդ է. երևում են միայն ծերունական նիհար, կաշին կուչ-կուչված մի դեմք և երկու կիսամար աչքեր։ Առջևից սայլակը քաշում է մի առողջ պատանի, իսկ հետևից մղում է մի ավելի առողջ երիտասարդ։— Երկու մարդ տանում են երրորդին, որ չորրորդից ողորմություն մուրան։ Մեկն անդամալույծ ծերունի է, և նրա անօգուտ գոյությունը դիմավորում է երկու զույգ առողջ ձռների ծուլությունը։ Մոտենում է նրանց մի երիտասարդ մուրացկան, կարմիր երեսով, մի ոտն առողջ, մյուսը գոսացած, մերկ, վարդագույն։ Նա հանդիմանում է սայլակը քշողներին, հայհոյում է նրանց «ծուլությունը», փախցնում է ճանապարհից և ինքը, ոստոստալով, ցցվում է ողորմած անցորդի առջև։

Մինաս Կիրիլլիչն ոչ ոքի չէր մերժում. նա ինքը մոտենում է և յուրաքանչյուրի ափի մեջ մի-մի սպիտակ դրամ գնում։ Թշվառների գոհունակ դեմքը մի րոպեական մխիթարություն է շնորհում նրա վշտացած սրտին: Բայց անցնում է