Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

րոպեն, և նրան դարձյալ տիրում է սովորական տխրությունը։

Ա՜խ, որքա՛ն նա բախտավոր կլիներ, եթե Վարվառեն լիներ երջանիկ ամուսին։ Սակայն ո՞վ է մեղավորը, որ նա այժմ դժբախտ է։

Այս հարցն ինքն իրան տալիս, Մինաս Կիրիլլիչը միշտ զգում էր խղճի մի սարսափելի խայթոց։ Որքան Միզանդրոնցովի արարքը գարշելի էր նրա աչքում ամուսնական անկողնի մաքրության վերաբերությամբ և որքան Վարվառեն ատում էր այդ թշվառ մարդուն, նույնքան Մինաս Կիրիլլիչի խիղճն ավելի էր տանջվում։

— Մեղավորն ես եմ,— ասում էր նա ինքն իրան։ Եթե ես չստիպեի, Վարվառեն բնավ չէր գնալ նրան։ Նա չէր սիրում Միզանդրոնցովին, այս հայտնի էր ինձ։

Բայց Մինաս Կիրիլլիչը, հուսալով, որ ամուսնական կյանքը վերջ ի վերջո նրանց հարաբերությունների մեջ կմտցնի եթե ոչ սեր, գոնե հարգանք և, հափշտակված Միզանդրոնցովի ապագա հարստությունով ու հասարակական դիրքով, սիրտ արավ յուր անմեղ և միակ դստեր բախտը հանձնել նրա ձեռքը։

Գիշեր ու ցերեկ այս միտքը հետևում էր Մինաս Կիրիլլիչին։ Վարվառեի տխուր կերպարանքը մի կենդանի հանդիմանություն էր նրա ծնողային սխալ ինքնասիրությանը։

— Ես շտապեցի, շատ շտապեցի,— կրկնում էր նա հաճախ իր մտքում, խորին վշտակցությամբ նայելով Վարվառեի երեսին։

Բայց անցյալը վերադարձնել անհնարին էր, մնում էր— մտածել ներկայի մասին։ Ի՞նչ պիտի անել ներկայում։ Նա գիտեր, որ Վարվառեն մի տարվա բացակայությունից հետո, դարձյալ ատում է Միզանդրոնցովին։ Սակայն, այնուամենայնիվ, հույս ուներ հաշտեցնել այս երկու ծայրահեղությունները և թե՛ Վարվառեի, թե յուր անունն ազատել չար լեզուների բամբասանքից — մի հանգամանք, որ նրան տանջում էր ավելի, քան աղջկա դժբախտոթյունը։

Այս պատճառով, Մոսկվայից հեռանալուց հետո, նա Մոզդոկից նամակ գրեց Միզանդրոնցովին, խնդրելով, որ սա թողնի յուր թշվառ սովորությունները և հաշտվի օրինական