Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մատրենան դուրս գնաց։ Վարվառեն ուղղեց հագուստը, գլխի մազերն ու հանդարտ քայլերով անցավ հյուրասենյակ։

Բազկաթոռի վրա նստած սպասում էր Ռոստամյանը, սև հագուստով, գունատ, տխուր աչքերը հառած այն դռներին, ուսկից դուրս եկավ Վարվառեն...

IX

Մինչդեռ Վարվառեն ոչինչ չէր նկատում, Ռոստամյանը Մինաս Կիրիլլիչի հարաբերությունների մեջ զգում էր փոփոխություն: Թվում էր նրան, որ ծերունին այլևս առաջվա պես բարեկամաբար չի վերաբերվում իրան։

Այս բանն ավելի զգալի էր ավագ չորեքշաբթի երեկո, երբ Մինաս Կիրիլլիչն և Ռոստամյանը այրիի տանն էին։ Հակառակ յուր սովորության, այդ երեկո ծերունին Ռոստամյանի հետ խոսում էր, կարծես, ակամա։ Նա չէր վիճաբանում որևէ խնդրի մասին, չէր հակառակում և, առհասարակ, երկար խոսակցությունից խույս էր տալիս։ Ծերունու այս հանկարծակի փոփոխությունը Ռոստամյանին և՛ զարմացրեց, և՛ վիրավորեց։

Հետևյալ և երրորդ օրը նա փողոցում ու գավթում երկու անգամ բարևեց։ Ծերունին նրա ողջույնն ընդունեց գլխի մի թեթև շարժումով: Նրա կասկածն ավելի զորացավ։ Բացի այն, որ Մինաս Կիրիլլիչը կարող էր յուր աղջկա և երիտասարդ հարևանի հարաբերությունների ներքին դրդիչ պատճառն զգալ, ինքնըստինքյան ծերունու սառնությունը վիրավորական էր Ռոստամյանի համար։ Մենակեցությունը, բնականաբար, նրա մեջ զարգացրել էր զգայուն ինքնասիրություն։ Նա, որ բնավ յուր բարեկամությամբ կամ ծանոթությամբ, մեկին ձանձրացրած չէր, այժմ զգում էր, որ տաղտկացնում է մի ծերոնու։ Ահա ինչու զատիկ օրվա այցին նա երկար չմնաց։

Բայց ինքնասիրության այդ վիրավորանքը շուտով անցավ։ Մնաց միայն մի կասկած. արդյոք, Մինաս Կիրիլլիչն իսկապես զգո՞ւմ է Ռոստամյանի այցելությունների դրդիչ պատճառը։ Եթե զգում է — հետևաբար իրավունք ունի ոչ

27*