Եվ ահա Ռոստամյանը Վարվառեի մոտ էր, միայնակ, դեմ հանդիման։
Առաջին հայացք Վարվառեի անսովոր սառնությունը նրան ապշեցրեց։
— Բարև ձեզ,— ասաց նա, մի քանի քայլ առաջ դիմելով։
Վարվառեն հանդարտ դրեց յուր ձեռը նրա ափի մեջ և լուռ ցույց տվեց բազկաթոռներից մեկը։
— Հուսով եմ, որ իմ այցելությունն անժամանակ չեք համարի,— շարունակեց Ռոստամյանը, նստելով նրա դեմ:
— Ընդհակառակը...— պատասխանեց Վարվառեն. կարծես, ակամա։
Երկուսն էլ սովորականից դուրս գունաթափ էին, երկուսի սիրտն ևս ալեկոծում էր և երկուսն էլ աշխատում էին արտաքին սառնությամբ քողարկել իրանց հուզմունքը։ Այս նրանք նկատեցին միմյանց դեմքից։ Ահա ինչու մի քանի րոպե նրանք չգիտեին ինչ խոսել։ Վերջապես, ծանր լռությունն ընդհատելու համար, Վարվառեն հարցրեց Ռոստամյանին գործերի մասին։
Ոչինչ գործ այժմ չի հետաքրքրում նրան։
— Ինչո՞ւ,— հարցրեց Վարվառեն։
Ռոստամյանը ոչինչ չպատասխանեց։ Նրանք դարձյալ լռեցին։ Ռոստամյանը, կարծես, վախենում էր նայել Վարվառեի երեսին։ Թվում էր նրան, որ յուր ամեն մի հայացքը պարզ պատկերացնում է այն, ինչ որ զգում էր նույն րոպեներին։ Այնինչ՝ նրա դրությունը հետզհետե ավելի դժվարանում էր։
— Ո՞րտեղ է Մինաս Կիրիլլիչը,— հարցրեց նա։
— Գնացել է գերեզմանատուն,— պատասխանեց Վարվառեն ժպտալով։
— Ճշմարիտ, երեկ և այսօր մեռելոց է, տեր աստված, ի՛նչպես մարդ հետզհետե մոռանում է քրիստոնեությունը,— ասաց Ռոստամյանն անկեղծ համոզմունքով։
— Այո՛, մոռանում է,— գրեթե անգիտակցաբար արտասանեց Վարվառեն։
Միևնույն ժամանակ, Վարվառեն աշխատեց ծիծաղել,