Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Նա տանջվում է, ես ի՞նչպես հայտնեմ նրան իմ միտքը»,— մտածում էր Վարվառեն, չհամարձակվելով նայել Ռոստամյանի երեսին։

Չէ՞ որ նա դեռ մի տասը րոպե առաջ վճռել էր հայտնել, թե այսուհետև անկարելի է, որ նրանք միմյանց տեսնեն։ Չէ՞ որ հենց այս դիտավորությամբ նա հրամայեց աղախնին ներս հրավիրել նրան։ Իսկ ա՞յժմ... ի՞նչպես կատարել այդ վճիռը — ահա հարց, որի մասին սառն խորհելու ուժ չուներ Վարվառեն, քանի որ մի այլ, ավելի զորեղ զգացմունք հետզհետե խավարեցնում էր նրա միտքն ու հոգին...

Գավթում ամեն ինչ խաղաղ էր, նույնիսկ աղախինը, որ սովորաբար անցուդարձ էր անում պատշգամբի վրա, չէր երևում։ Լսվում էին միայն պատշգամբի առաստաղի տակ թռչկոտող ծիծեռնակների ձայներն և երբեմն հեռավոր փողոցներից անցնող կառքերի խուլ դղրդյունը։ Լուսամուտների ապակյա փեղկերը փակ էին։ Վարվառեն վեր կացավ, բաց արավ փեղկերից մեկը։ Արևի ջերմ ճառագայթներով տոգորված մաքուր օդը թարմ հոսանքով մղվեց սենյակի անշարժ մթնոլորտի մեջ, մեղմիկ շոշափելով Վարվառեի գունատ դեմքը։

Նա կրկին վերադարձավ յուր տեղը։ Ռոստամյանը, անշարժ նստած, անթարթ աչքերով հետևում էր նրա յուրաքպնչյուր շարժմանը։ Նրանք սկսեցին նորից խոսել։ Սեղանի ծայրում դրած էր ինչ-որ գիրք: Ռոստամյանը, մի բան ասած լինելու համար, հարցրեց, այժմ ինչ է կարդում Վարվառեն։

— Ոչինչ,— պատասխանեց վերջինն և գլուխը թեքեց կրծքին։

Այնուհետև խոսակցությունն առաջ չգնաց, բացի հատ և անկապ խոսքերից։

Լռությանն ավելի սաստկացնում էր երիտասարդական սրտերի բաբախումը...

— Ոչ, այլևս չեմ կարող երկար զսպել ինձ,— ասաց մտքում Ռոստամյանը։

Նույն վայրկյանին նրա աչքերը հանդիպեցին Վարվառեի