Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աչքերին։ Այս եղավ մի զորեղ հարված նրա բռնի անձնակալության։ Հայացքները պարզ արտահայտում էին այն, ինչ որ լեզուն վարանում էր խոսել։

Ռոստամյանը մի անզոր ճնշում ևս գործեց բուռն զգացմունքների վրա։ Բայց այլևս ուշ էր։ Նա տեսավ, որ Վարվառեն հանկարծ վեր կացավ տեղից, մոտեցավ փողոցի կողմի լուսամուտին և նայեց դեպի դուրս, աջ ու ձախ։

Ռոստամյանը նույնպես բարձրացավ տեղից, բոլորովին դեղնած, շնչասպառ, աչքերը մթնած, գրեթե խելակորույս։ Նա մոտենում էր Վարվառեին։ Սենյակի մեջտեղում նա կանգ առավ։ Վարվառեն լուսամուտի կողմից հետ դարձավ, և այդ րոպեին նրանք երես առ երես հանդիպեցին իրարու, միմիայն մի քայլ հեռավորության վրա։ Քանի մի վայրկյան նրանք շվարած նայում էին միմյանց երեսին։

— Ի՞նչ պատահեց ձեզ,— գոչեց Վարվառեն երկյուղալի ձայնով։

Ռոստամյանը լուռ էր։

— Ի՞նչ պատահեց ձեզ... — կրկնեց Վարվառեն շշնջյունով։

Ռոստամյանը դարձյալ լուռ էր։

Վարվառեն անգիտակցաբար մի քայլ հետ կանգնեց։ Նույն վայրկյանին նա յուր երկու ձեռների վրա զգաց մի ջերմ շփումն։ Մի ակնթարթում նրա աչքերը մթնեցին, սենյակը խավարվեց, գլուխը պտտեց։ Արյան տաք, ախորժելի հոսանքը խփեց գլխին, և նա հաղթված, թուլացած ընկավ, բայց ո՜ւր...

Նույն րոպեին լուսամուտի առջևով, պատշգամբի վրա, կատվի քայլերով, անցավ մի փոքրահասակ արարած։ Նրանք ոչինչ չնկատեցին, և չէին կարող նկատել...

Վարվառեն սթափվեց։ Երկու ուժեղ թևեր մեղմիկ գրկած էին նրա բարձր իրանը։ Նա դուրս ազատվեց այդ հրապուրիչ շղթայից, ոտքից գլուխ ուժգին դողալով, մի քանի քայլ հետ դրեց և խուլ, ալեկոծված ձայնով գոչեց.

— Խելագա՜ր, ի՞նչ եք անում...

— Վարվառե, Վարիա...— հնչեց նրա ականջին Ռոստամյանի ձայնը տարօրինակ եղանակով: