Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա հազիվ կարողացավ զսպել յուր հեկեկանքը: Մշտական թախծալի աչքերի մեջ փայլող հուրը, ցնցողաբար գողացող շրթունքները, ձայնի կաթոգին հնչյունը — այս բոլորը ոչնչացրին և՛ այն վերջին թույլ կասկածը, որ տակավին մնում էր Ռոստամյանի սրտում: Վարվառեն մի քանի վայրկյան լուռ նայեց հատակին, հետո գլուխը բարձրացրեց և, երբ նրանց հայացքները կրկին հանդիպեցին միմյանց, Ռոստամյանը գրկաբաց դիմեց դեպի նա։

— Ո՛չ, հեռո՛ւ կացեք... Լսեցե՛ք, հա՛յրս, հա՛յրս, հասկանո՞ւմ եք, անբախտ մարդ, ես նրան սիրում եմ։ Բավական է այսքանը... Ո՛չ, մեր մեջ ո՛չ մի կապ չի կարող լինել:

— Վարվառե՜...

— Զուր եք տանջում ձեզ և ինձ։ Ասացե՛ք,— ինչ կապ կարող է լինել մեր մեջ։

— Սիրո ամուր շղթան... Նա սուրբ է, հաստատ է, քան որևէ օրինական կապ։

— Բայց... արգելված է։

— Ամենևի՜ն... մենք կարող ենք... ամուսնանալ:

Վարվառեն դառն ժպտաց։

— Դուք կարող եք ազատություն պահանջել, օրենքը ձեզ իրավունք է տալիս, — շարունակեց Ռոստամյանը վստահ ձայնով։

— Ազատությո՞ւն...— կրկնեց Վարվառեն կսկծալի հեգնությամբ...— ումի՞ց պիտի պահանջեմ նրան:

— Միզանդրոնցովից։

—Միզանդրոնցովից... Նա դեռ հույս ունի կրկին ինձ հետ միանալու։

— Բայց ի՞նչ օրենքով... ո՞ր իրավունքով։

— Չգիտեմ, չգիտեմ... ես ոչինչ չեմ հասկանում... — գոչեց հուսահատ ձայնով Վարվառեն։

— Օրենքն իրավունք է տալիս ապահարզան պահանջելու, լսո՞ւմ եք, Վարվառե, մեղանչող ամուսինը պարտավոր է տալ ապահարզան։ Ես այս հաստատ գիտեմ...

— Իսկ եթե նա չի համաձայնվի՞։

— Պարտավոր է համաձայնվել, մեղանչողը նա է... դուք կարող եք ապացուցանել...

427