Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչ պիտի անել,— ավելացրեց նա, տեղից բարձրանալով և կես սպառնողական, կես աղերսալի մի հայացք ձգելով Վարվառեի վրա։

— Դուք չե՞ք հավատում ինձ, Ստեփան, այդ ավելի վշտալի է ինձ համար, քան իմ գրությունը,— ասաց Վարվառեն և ապա, երեսը դարձնելով մյուս կողմ, ավելացրեց.— ո՜րքան դառն է սիրել և իրավունք չունենալ սիրելու...

Հեկեկանքը խեղդեց նրա ձայնը. նա սկսեց լալ։ Խղճի մի տարօրինակ խայթոց զգաց Ռոստամյանը։ Նա շտապով վեր կացավ, գրկեց Վարվառեին և տարավ դեպի գահավորակը։ Վարվառեն, անգիտակցաբար հպատակվելով նրան, նստեց գահավորակի վրա, իսկ Ռոստամյանը չոքեց նրա առջև և յուր բորբոքված շրթունքներով սկսեց համբուրել նրա ձեռները...

Պատշգամբի վրա դարձյալ մի շարժման ձայն լսվեց։ Այս անգամ Վարվառեն, որ նստած էր երեսը դեպի դուրս, նշմարեց մի մութ պատկեր, որ շտապով անցավ լուսամուտի առջևով, ինչպես գող կատու։

— Հեռացի՛ր, բավական է, հեռացի՛ր,— գոչեց Վարվառեն, դուրս սպրդելով Ռոստամյանի գրկից և ոտքի կանգնելով...— Նա, կարծեմ, գալիս է... Դո՛ւրս եկ... ես չեմ ուզում, որ նա մեզ միասին տեսնի, նա կհասկանա, հարվածը հանկարծակի կլինի...

Այս ասելով, նա վազեց դեպի դռները, կարծելով, թե պատշգամբի վրա երևացողը հայրն է։ Բայց ոչ ոքի չտեսավ։ Այնինչ Ռոստամյանը, տակավին կաշկանդված դյութական մերձավորությամբ, չէր շարժվում յուր տեղից։

Փողոցի լուսամուտից լսվեց կառքի դղրդյուն, որ հանկարծ ընդհատվեց։

— Լսո՞ւմ եք։ Նա եկավ... հեռացե՛ք, եթե սիրում եք ինձ...

Արդեն սանդխտի վրա լսվեց մեկի ոտնաձայնը։ Այլևս ուշ էր թաքնվելը։ Ռոստամյանը, հուսահատ դրության մեջ, դուրս եկավ դռներից ոլոր-մոլոր քայլերով։

Մի ձեռում մի փունջ մանուշակ, մյուս ձեռում ձեռնափայտը, սենյակի դռներին մոտենում էր Մինաս Կիրիլլիչը:

429