Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եթե Ռոստամյանը նույն րոպեին կարողանար համարձակ նայել ծերունու կողմ, կտեսներ, թե ինչպես վերջինն ապշած, անշարժ մնաց պատշգամբի վրա, տեսնելով նրան դռների մոտ։ Բայց նա, հազիվ-հազ քայլերը փոխելով, շտապում էր խույս տալ ծերունուց։

Այդ միջոցին նրա ականջին հասավ մի բարձրաձայն ծիծաղ։ Նա գլուխը բարձրացրեց և յուր մթնած աչքերով Նատալիա Պետրովնայի բնակարանի լուսամուտներից մեկի մեջ տեսավ մի փոքրիկ գլուխ երկու սևորակ խորամանկ աչքերով։

X

Օրը բավական շոգ էր, ամենքը զբոսանքից հոգնած, վերադառնում էին իրենց տները. ճաշելու ժամանակ էր։ Հուզված սրտով, ամոթահար, շփոթված մտքերով, սակայն երջանիկ զգացմունքով Ռոստամյանը դիմեց դեպի քաղաքի կենտրոնը։

Ո՛ւր էր գնում — ինքն էլ չգիտեր։ Նա կամենում էր առանձնանալ մի տեղ և անձնատուր լինել յուր զգացմունքներին։ Քաղց նա տակավին չէր զգում և ոչ էլ գիտեր, թե արդեն երրորդ ժամն է։ Քաղաքի առաջնակարգ փողոցներից մեկում, մի բարձր շինության ներքին հարկի ապակյա դռների վրա, նրա աչքին ընկավ խոշոր ֆրանսերեն տառերով գրված «Կոֆե-ռեստորան» խոսքը։ Այդ մի ծանոթ հյուրանոց էր, ուր նա մի քանի անգամ ճաշել էր։ Նա մտավ ներս։

Մի մեծ սենյակում դրված էին մի քանի սեղաններ, ձյունի պես ճերմակ և մաքուր սփռոցներով ծածկված։ Մոտ մի տասնյակ հյուրեր, այս ու այնտեղ առանձին-առանձին նստած, լուռ ճաշում էին, աչքի տակով նայելով միմյանց վրա։

Ռոստամյանն անցավ մի ուրիշ փոքրիկ սենյակ, ուր ոչ ոք չկար։ Նրա առջև իսկույն ցցվեց սև հագնված մի իմերել սպասավոր, կերակուրների ցուցակը ձեռին և մի երկայն անձեռոցիկ ուսով գցած։ Ռոստամյանն առանց ընտրելու, պատվիրեց առաջին աչքին ընկած կերակուրն և մի շիշ գինի։

430