Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քանի պատառ կերակրից դրեց բերանը, մի բաժակ գինի խմեց և լիք շիշը զզվանքով հեռացրեց մի կողմ։

Ի՞նչ է անում այժմ այդ սիրող հայրը.— արդյոք նախատո՞ւմ է աղջկան, իսկ աղջիկը, նրա առջև չոքած, արտասվալի աչքերով ներումն է խնդրում...

Նա մտաբերեց և՛ Կատոյի խորամանկ աչքերը, չարախնդիր ծիծաղը: Ուրեմն այդ կինը լրտեսել է նրանց։ Վերջապես, թաքցնել այսուհետև այլևս անկարելի է։ Վաղը, մյուս օրն անզուսպ կինն ամբողջ քաղաքի մեջ հռչակելու է կատարված անցքը, հարկավ, մեկին հինգ ավելացնելով։

Անա՜րգ։ Ի՞նչքն է այդ կնոջը ստիպում թշնամանալ ուրիշների բախտին։ Նախա՞նձը։— Ո՛չ, կա մի այլ պատճառ... Չէ՞ որ մի բանով պիտի արդարացնի յուր հանցավոր խիղճը։ Տեր աստված, և այդպիսինե՞րը պիտի դատավոր լինեն Վարվառեի գլխին...

Հյուրանոցը տակավ առ տակավ դատարկվեց, մյուս սենյակից ձայն չէր լսվում։ Սպասավորն անդադար ներս էր մտնում ու դուրս գալիս։ Ռոստամյանը վճարեց և դուրս գնաց։

Փողոցում նրա տխրությունը կրկնապատկվեց, ո՞ւր գնալ այժմ։ Տո՞ւն վերադառնալ։ Ոչ — անկարելի է առայժմ։ Ամոթի զգացմունքը դարձյալ գրգռվեց նրա մեջ։ Ի՞նչ երեսով նա պիտի հանդիպի Մինաս Կիրիլլիչին։ Անշուշտ ծերունին գիտե արդեն, թե ինչու յուր հարևանն այնպես այլայլված դուրս եկավ։

Թո՛ղ իմանա, թո՛ղ հայտնի լինի և՛ ամենքին։ «Ո՛չ ոք, ո՛չ ոք այլևս չի կարող մեզ բաժանել, ո՛չ հասարակության բամբասանքը, ո՛չ օրենքի խոչընդոտները և ո՛չ Մինաս Կիրիլլիչի պատվասիրությունը, միայն թե Վարվառեն սիրե ինձ այնպես, ինչպես ես եմ սիրում»...

— Ռոստամյան,— լսեց նա հանկարծ մի ծանոթ ձայն, հետ նայեց և կանգ առավ։

Փողոցի մյուս կողմից շտապ քայլերով մոտենում էր մի երիտասարդ պարոն։

Դա Ռոստամյանի ուսանող ընկեր Սարգսյանն էր։ Այս երիտասարդի հետ Ռոստամյանը Մոսկվայում համեմատաբար

432