Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա հարձակվեք դեպի դռները, նայեց մի անգամ ևս դեպի գավիթ և արդեն պատրաստ էր դուրս գալ, երբ նրա ականջին պատշգամբի մյուս կողմից հասավ խոսակցության թույլ ձայն։ Երկու մարդկային ուրվագծեր երևացան հեռվից — մեկն անցավ տան տիկնոջ բնակարանի մյուս կողմը, բաց արավ Ռոստամյանի սենյակն և մտավ ներս։ Վարվառեն հառաչելով հետ դարձավ։ Նա կենդանի է, այո, ահա՛ նրա ստվերը աղոտ լուսավորված պատուհանի ապակիների վրա։ Ուրախության արցունքը թրջեց Վարվառեի այտերը։ Նա թեթևացած սրտով մտավ անկողին։ Բայց բորբոքված նյարդերն երկար միջոց հանգստություն չէին գտնում...

Նույն դրությունը շարունակվեց երկրորդ օրն և երկրորդ գիշեր։ Առավոտը Ռոստամյանը կանուխ դուրս գնաց և չերևաց մինչև կես գիշեր։

Երրորդ օրը ծերունին առավոտը թեյ խմեց, խոհարարին ուղարկեց շուկա, աղախնին ուղարկեց մի ուրիշ տեղ, դռները փակեց և Վարվառեին կանչեց յուր առանձնասենյակը։

— Նստի՛ր,— ասաց նա սառն և հանդիսավոր եղանակով, ձեռով ցույց տալով յուր դեմուդեմի աթոռը, և ինքը, տնային խալաթը հագին, նստեց սեղանի մյուս կողմում։

Նրա այտերը դեղնած էին, ձեռները դողում էին։ Վերջին երկու օրվա ընթացքում նա, կարծես, ավելի նիհարել էր ու ավելի ծերացել։

Վարվառեն զգաց, որ հասել է վճռական րոպեն և աշխատեց, որքան կարելի է, զսպել յուր ներքին ալեկոծությունը:

— Վարվառա Մինաևնա,— խոսեց ծերունին հանդիսավոր եղանակով,— ես ձեզ հրավիրել եմ, որ հարցնեմ այն, ինչ որ հարցրի երկու շաբաթ սրանից առաջ, և դուք վճռական պատասխան չտվեցիք։ Ասացե՛ք, վերջապես, համաձա՞յն եք ապրել ձեր ամուսնու հետ, թե՞ ոչ։

Վարվառեն ոչինչ չպատասխանեց։

— Համաձա՞յն եք, թե՞ ոչ,— կրկնեց Մինաս Կիրիլլիչն,

439