Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այս անգամ ամենախիստ դատավորի քննող ձայնով ու շարժումով։

— Պապա... — ասաց Վարվառեն և աջ ձեռով ծածկեց աչքերը։

— Համաձա՞յն եք, թե՞ ոչ,— կրկնեց հայրը։

— Ես այն օրը ձեզ պատասխանեցի...

— Թողե՛ք, աստված սիրեք, այդ փափուկ ձևերը, ձեր քնքշությունն ինձ արդեն ձանձրացրել է։ Պատասխանեցե՛ք հարցիս. կամենո՞ւմ եք հաշտվել ձեր օրինական ամուսին Ակիմ Աբրոսիմիչ Միզանդրոնցովի հետ։

— Ո՛չ:

Մինաս Կիրիլլիչի աչքերը փայլեցին։ Սակայն զսպեց յուր բարկությունը։

— Ա՞յդ է ձեր վերջին պատասխանը։

— Այո,— արտասանեց Վարվառեն զարմանալի համարձակությամբ, որ ներշնչում էին նրան հոր խստահնչյուն ձայնն և վճռական հարցը։

Ծերունին մի վայրկյան լուռ մտածեց։

— Շնորհակալ եմ ձեր վերջնական պատասխանի համար,— շարունակեց նա, հառաչելով,— շատ շնորհակալ եմ։ Այժմ թույլ տվեք հարգելի տիկին, մի ուրիշ հարց ևս առաջարկել ձեզ։— Ես վճռել եմ այս մոտ օրերս ուղևորվել Մոզդոկ, կկամենա՞ք, արդյոք, ինձ հետ գալ...

Ավելի շարունակել հարկավոր չէր, Վարվառեն հասկացավ հարցի բուն բովանդակությունը։ Նա գլուխը խոնարհեցրեց կրծքին և ոչինչ չպատասխանեց։

— Մենք չենք կարող Թիֆլիսում մնալ այսուհետև,— ասաց ծերունին, յուր զննող հայացքն ուղղելով աղջկա երեսին,— այո, չենք կարող, պետք է այստեղից գնանք, հասկանո՞ւմ եք, պետք է գնանք շուտով, մյուս օրը, վաղը, հենց այսօր...

Այլևս նա կորցրեց յուր սառնությունը։ Նրա ներքին շուրթն ու ծնոտն սկսեցին դողալ և ձայնը զգացվեց։ Նրա յուրաքանչյուր մի խոսքն ասեղի պես ցցվում էր Վարվառեի սրտի մեջ։ Դուստրը հազիվ կարողացավ զսպել իրան, որ աթոռի վրայից չընկնի հոր ոտների առաջ։ Այսպես, ուրեմն,

440