Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հըմ, ի՛նչ կա քըչփըչում եք, խոսեցեք, տեսնենք, դո՛ւք ինչ եք ասում,— դիմեց նրանց Բարխուդարը։


— Աստված շնորհավոր անի, բախտավոր լինեն, մեծանան, պսակենք, ծլեն, ծաղկեն, մենք էլ խեղճ ենք, տեսնենք մեր էս կարոտ աչքերով ու ուրախանանք, խոսեց Մարիամ բաջին բարձր ձայնով։


— Այ ախչի, թող մի բան բերենք, որ բերանները քաղցրացնեն,— մեջ մտավ Գյուլնազը, մի ձեռով շալի ծայրը բերանին բռնած, մյուս ձեռի արմունկով բոթելով Մարիամին։


— Մուրաբաներից բհրեցեք, տեսնենք,— հրամայեց Բարխուդարը։


— Թո՛ղ ես բերեմ,— ասաց Գյուլնարը, տեղից բարձրանալով։


— Չէ, թող ես բերեմ,— հակառակեց Մարիամ բաջին, բռնելով Գյուլնազի թևից և կամենալով կրկին նստեցնել յուր տեղը։


— Չէ', ես կբերեմ։


— Չէ՛, չէ՛ մերը լավն է , նոր եմ եփել։


— Մերը նարինջի է։


— Մերն էլ վարդի է։


Երկու տանտիկինները մի քանի վայրկյան այսպես ոտի վրա կանգնած հակառակվում էին, իրարու կրծքին հրելով։ Ոչ մեկը թույլ չէր տալիս մյուսին շարժվելու։


— Էրիհաա' զուռնազավալը բարձրացրին սատանի ճտերը, ձեռ քաշեցե՛ք, եկա՛վ, խաբարդար,— գոռաց Հայրապետը և գդակր արձակեց նրանց վրա։


— Հանդարտվեցեք, լավ է, երկուսներդ էլ բերեք, տեսնենք ինչ եք բերում։


Բարխուդարի հրամայողական ձայնը ստիպեց Գյուլնազին և Մարիամ բաջուն իրարուց բաժանվելու։


Մի րոպեից հետո սփռոցի վրա շարվեցին թեյի պնակների մեջ մի քանի տեսակ մուրաբաներ։


Այս ընդհանուր աղմուկի ժամանակ մանուկները քնից զարթնեցան։


— Ինձ էլ մուրաբա տվեք,— գոչեց Սուսանը, գլուխը