Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բարձրացնելով և աչքերը բռունցքներով տրորելով, որ քունը փախցնի։


— Ինձ էլ տվե՛ք,— կրկնեց Սեյրանը։


— Բաս ե՞ս, ինձ չեք տալո՞ւ,— ավելացրեց Սմբատը։ Բարխուդարը, բոլորին բավականացնելուց հետո, ասաց.


— Սուսի, էսօրվանից քեզ ու Սեյրանին բաշխում ենք կարմիր կովին։


— Օօ՜, չէ, չէ, չեմ ուզում, ես կարմիր կովի պոզերից վախենում եմ։


— Ես չեմ վախենում, ես նրա պոզերի վրա կնստեմ,— մեջ մտավ Սեյրանը։


— Միք վախենալ, մենք ձեզ չենք տալու նրան, որ տանի։ Դուք նրա բալաները կլինեք հիմիկվանից, ամա մեզ մոտ կմնաք։ Մենք բաշխում ենք ձեզ նրան, որ էլ էս գիշերից դեն չհրսոտվի ձեզ վրա, ձեզ հողի տակ չթողնի։


— Էս թասը մին էլ կոնծում եմ Սեյրանիս ու Սուսանիս կենացը,— ընդհատեց Հայրապետը։— Լսի ր, Բարխուդար, մի լավ աղոթք եմ սովորել Տեր-Մաթալից, թող նա էլ ասես ու բանը պրծնի։ Ինչպես է… հա… աստված շնորհավոր անի, բարով թագ ու պսակի արժանանան, կանաչ կարմիր կապեն, «և առյալ զձեռն Եվայի և տվյալ»… Դե՛հ, Սեյրան, մոտեցիր ու հարսնացուիդ մի լավ պաչիր, այ ինչպես էսօր հողի տակումն ես պաչել:


— Ի՞նչ հարսնացու,— հարցրեց Սեյրանը երեխայական զարմացմամբ։


— Սուսանին ու քեզ նշանեցինք, դու նրա փեսացուն ես հիմա։ Պարզամիտ մանուկները, լսելով Հայրապետի խոսքերը, կարմրեցին ամոթից։ Հայրապետի ստիպմամբ նրանք իրարու ղրկեցին և համբուրեցին։ Այս համբույրը եղավ երկու մանուկների ապագա միավորությունը երաշխավորող միակ գրավականը։


— Դեհ, բալաներս, չոքեցեք ու աղոթք արեք ձեր արդար բերանով, որ աստված էսօրվա պես օր շանգ չտա մեզ,— ասաց մանուկներին Մարիամ բաջին։