Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ սերն էլ։ Գնա՛նք, պապա, հեռանա՛նք Թիֆլիսից... ես պատրաստ եմ... ես... կմոռա...

Վարվառեն չկարողացավ ավարտել վերջին խոսքը, գլուխը թուլացած ծռվեց դեպի աջ ուսը։ Նա անշնչացած ընկավ հատակի վրա։ Մի քանի վայրկյան սառն, ապշած ծերունին նայում էր դստեր անշունչ դիակի վրա։ Հանկարծ նրա դեմքը փոխվեց, նա մի խուլ հնչյուն բաց թողեց կրծքից, հարձակվեց Վարվառեի դիակի վրա և ձեռը դրեց նրա ճակատին։ Նույն վայրկյանին նա սթափված վեր թռավ տեղից, վերցրեց սեղանի վրայից լիքը շիշն և սկսեց ջուր շփել Վարվառեի գլխին, երեսին, կիսաբաց կրծքին։

Սակավ առ սակավ Վարվառեն ուշքի եկավ, ծանրացած կոպերը բարձրացրեց և անորոշ հայացքով նայեց շուրջը։ Նրան թվաց, որ հայրը սենյակից դուրս է գնացել։

Այնինչ՝ ծեքունին այդ վայրկյանին, աթոռի վրա նստած, ալեզարդ գլուխը կռների վրա դրած, դառն արտասուք էր թափում աչքերից...

XI

Օրը կիրակի էր։ Այրի Նատալիան նստած էր յուր սենյակում, թախտի վրա։ Նրա առջև անցուդարձ էր անում Կատոն, զուգված, ամառային բարակ մետաքսյա ուսնոցն ուսերին, գեղեցիկ փետուրով զարդարված բարձր գլխարկը գլխին և ձեռին խաղացնելով շքեղ պարզ-վարդագույն հովանին:

— Ի՛նչ ուզում ես, ասա, Կատո,— խոսեց այրին, գլուխը տրտմությամբ շարժելով,— դու չպիտի այդ բանն անեիր, ինչ քո գործն էր։

— Ա՛խ, մամա, դու էլ մի մեծ պատմություն շինեցիր իմ խոսքը։ Ես խոմ իմ բերանով չեմ ասել, նա ինքը մտիկ տվեց երեսիս զարմացած, ես ծիծաղեցի, հասկացավ։ Առանց ինձ էլ նա պիտի հասկանար, դեմ ու դեմ ինքը պատահեց Ռոստամյանին, որ կույր էլ լիներ, պիտի իմանար, թե ինչ է պատահել յուր տանը։ Էհ, ի՜նչ եմ ասում, հիմա ամբողջ Թիֆլիսին է հայտնի։

443