Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/444

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Անիծվի Թիֆլիսդ — գոչեց այրին սրտմտությամբ։ — Ո՞վ այսպես շուտ հռչակեց։

— Ա՛յ բան, ա՞յդ ինչ ասել է. Թիֆլիսն ի՞նչ մեղք ունե։ Օտար քաղաքներից կռոները գալիս են, թիֆլիսեցիների անունը խայտառակում ու էլի Թիֆլի՞սն է մեղավոր։ Շատ լավ են անում, որ խոսում են, ես էլ եմ խոսում։

Այս ասելով, Կատոն մանրիկ քայլերով հետ ու առաջ էր գնում։ Երբեմն նա կանգ էր առնում պատին քաշ արած բարձր հայելու առջև և, կոտրատվելով, նայում էր յուր բարձրադիր «տուրնյուրին», որ նրա կազմվածքին տալիս էր փքված սիրամարգի տեսք։

— Դու էլի լինո՞ւմ ես նրանց մոտ, մամա,— հարցրեց նա հանկարծ։

— Լինում եմ, բայց շատ քիչ։

— Հըմ, ուրա՞խ է, թե՞ լաց է լինում այդ քո հրաշալի Վարվառա Մինաևնան։

— Դու ծիծաղում ես, Կատո, բայց ծիծաղելի չէ, թե տեսնես — չես ճանաչիլ, ոտքի վրա մեռածի է նմանվում։ Մի քանի օր հիվանդ պառկած էր, երեկ է վեր կացել։ Ինքն ասում է — «ոչինչ», բայց չէ, շատ վատ է դրությունը։ Գիտե՞ս, շուտով գնալու են Թիֆլիսից,— ավելացրեց բարեսիրտ այրին և հառաչեց։

— Էէ, ի՞նչ ես ասում։ Ռոստամյանն իմանո՞ւմ է, որ սիրականին փախցնում են։

— Ո՛վ գիտե, ինձ հետ նա չի խոսում, ամաչում է, ես ինքս էլ քաշվում եմ խոսք բանալու։ Է՛հ, Կատո, ճշմարիտ է, չեմ հավանում նրա արածը, բայց մեղքս գալիս է խեղճ տղին։ Այն օրից հետո քանի գնում, մաշվում է, ցերեկները տանը չի նստում, չորս օր իմ մոտ չճաշեց, հետո էլի սկսեց։ Խե՜ղճ տղա...

— Թող կորչի քո խեղճ տղան է՜է,— գոչեց Կատոն արհամարհանքով։

Պատշգամբի վրա երևաց Լազար Մակարիչը, մաքուր հագնված, զուգված, զարդարված, փայլուն «ցիլինդրը» գլխին, լայն կզակը նոր սափրած և սև հաստլիկ ընչացքը ոլորած։

444