ավելացրեց այրին, գլուխը խորհրդավոր կերպով շարժելով,— դժվար թե շուտով կարողանան գնալ։ Բժիշկն ասել է, որ Վարվառեն այժմ չի կարող երկար ճանապարհորդություն անել․․․ վնաս է․․․
Ռոստամյանը գունաթափվեց։ Այդպես, ուրեմն, նա բժշկվում է, կնշանակե — իսկապես հիվանդ է և գուցե — վտանգավոր։ Այլևս Ռոստամյանը չշարունակեց յուր հարց ու փորձը. նա խոսակցության նյութը փոխեց, մի քանի րոպե ևս մնաց և հետո գնաց յուր սենյակը։
Շտապով նստելով սեղանի մոտ, նա սկսեց գրել մի նամակ Վարվառեի անունով։ Նա աղերսում էր Վարվառեին — թույլ տալ մի կերպ, գեթ մի կես ժամով տեսնվել նրա հետ։ Նամակը վերջացրեց, ծրարեց, մնում էր ուղարկելու միջոցը գտնել։ Ռոստամյանը նախ մտածեց փոստով ուղարկել, բայց այդ կասկածելի մի միջոց էր. նամակը կարող էր անցնել Մինաս Կիրիլլիչի ձեռքը, այնուհետև հետևանքը պարզ էր: Երկու ամբողջ օր, նամակը գրպանում, Ռոստամյանը դուրս էր գնում և ներս գալիս։ Երրորդ օրն, առավոտը նա տեսավ, որ ծերունին դուրս գնաց։ Նա լուսամուտից նայեց ծերունու հետևից և երբ վերջինն անհայտացավ, նա դուրս եկավ պատշգամբ։ Մատրենան ստեպ֊ստեպ անց ու դարձ էր անում խոհանոցից դեպի սենյակներն և հետ։ Ռոստամյանը որսաց հարմար վայրկյան և մատով կանչեց պառավին յուր մոտ։
— Մատրենա, քեզ մի խնդիր ունիմ, պիտի կատարես,— ասաց նա, աղախնին տանելով պատշգամբի անկյունը։
— Հրամայեցե՛ք,— ասաց ռուս պառավը, ուրախանալով, որ մի այնպիսի երիտասարդ գեղեցիկ պարոն խնդիր ունի դեպի նա։
— Ահա, այս թուղթը հենց այս րոպեիս հասցրու Վարվառա Մինաևնային։ Բայց ոչ ոք չիմանա։ Բռնի՛ր։
Այս ասելով, Ռոստամյանը պառավի մի ափում սեղմեց ծրարը, մյուսում մի թղթադրամ։ Պառավն երկմտությամբ նայեց նրա երեսին և անշարժ մնաց։
— Դեհ, գնա՛, ոչ ոք չիմանա, հասկանո՞ւմ ես, ոչ ոք։