Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կանթեղի լուսով նշմարեց Վարվառեին լուսամուտի առջև, բայց նրա կասկածը չփարատվեց հիվանդության մասին։

Մի թեթև կողմնակի խոսակցությունից հետո, Ռոստամյանը հաջողություն ունեցավ այրիի հետ խոսք բանալու յուր ցանկալի առարկայի մասին։ Նա շատ լավ գիտեր, որ այրիին ամեն ինչ հայտնի է, բայց դեռևս չէր համարձակվում նրա հետ պարզ խոսել։ Իսկ այրին քաղաքավարությամբ լռություն էր պահում խորհրդավոր հարցի մասին։

— Մինաս Կիրիլլիչն էլ չի երևում,— ասաց Ռոստամյանը կեղծ անտարբերությամբ։

— Ինչո՛ւ,— պատասխանեց այրին,— մեկ֊մեկ դուրս է գալիս տնից։

— Դուք գնո՞ւմ եք այնտեղ,— առաջ տարավ Ռոստամյանը յուր խոսքը նույն անտարբերությամբ։

— Երեկ այնտեղ էի։

— Հիվանդ խոմ չե՞ն։

Այս հարցը բաց արավ այրի Նատալիայի լեզուն։ Նա, հառաչելով, տնքտնքալով, սկսեց նկարագրել յուր կենողների դրությունը։ Հայրը խիստ տխուր է, իսկ աղջիկը ոչ հիվանդ է հիվանդի պես, ոչ էլ առողջ։ Բայց այս վերջին օրերը Վարվառեն մի գլուխ մաշվում է։

— Պառկա՞ծ է, — հարցրեց Ռոստամյանը դեռևս զսպելով իրան։

— Մի քանի օր պառկած էր, բայց հիմա ոտքի է։

Ռոստամյանը ներքին հուզմունքից շրթունքը կծեց։

— Երեկ Մինաս Կիրիլլիչն ինձ հայտնեց, որ շուտով դուրս են գալու իմ տնից,— շարունակեց այրին։

— Նոր բնակարա՞ն են տեղափոխվում,— հարցրեց Ռոստամյանը։

— Ոչ, գնում են, Ստեփան Գրիգորիչ։

— Ո՞ւր։

— Չեմ իմանում։ Չեն ուզում, որ Թիֆլիսում մնան։

— Ե՞րբ են գնալու,— հարցրեց Ռոստամյանը հազիվ֊հազ կարողանալով ընդունել այդ անսպասելի հարվածը։

— Դեռ հայտնի չէ․ Մինաս Կիրիլլիչը որտեղից որ է փող պիտի ստանա. հենց որ ստացավ, կգնան։ Բայց,—