Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առավոտը Վարվառեն, զարթնելով, կամեցավ հագուստը հագնել։ Բայց դեռ անկողնից չբարձրացած, նրա գլուխը սաստիկ պտտեց, և նա անզորացած կրկին պառկեց։ Ոտից գլուխ նա զգում էր անհաղթելի թուլություն, իսկ ոսկորների մեջ մի ծանր ցավ։ Մի ժամ անցած, ներս մտավ աղախինն, իմանալու, թե տիրուհին կկամենա արդյոք, երեսը լվանալ։ Պառավը զարմացավ, երբ տեսավ, որ տիրուհին դեռ պառկած է, այնինչ նա սովորաբար զարթնում էր ամենից վաղ։

— Պարոնն արդեն թեյ է խմել և յուր սենյակումն է,— հայտնեց պառավը։

— Շա՛տ լավ... հավաքի՛ր սեղանը, Մատրենա, ես թեյ չեմ խմելու,— ասաց Վարվառեն, աչքերը դժվարությամբ դարձնելով դեպի աղախինը։

— Ինչո՞ւ... Տեր աստված... դուք, կարծես, հիվանդ եք, տիրուհի,— գոչեց պառավը, մոտենալով նրան և համարձակ յուր աջ ձեռը դնելով նրա ճակատին։— Իսկ և իսկ հիվանդ եք, տիրուհի, աչքերդ կարմրած են, ճակատդ կրակի պես այրվում է։ Գնամ, այս րոպեիս Մինաս Կիրիլլիչին ասեմ։

— Կա՛ց, Մատրենա, ո՛չ, մի՛ ասիր, ես... ոչինչ... մի քիչ թույլ եմ, շուտով կվերկենամ... Դու գնա, ջուր բեր, որ երեսս լվանամ...

Աղախինն իսկույն կատարեց նրա հրամանը։

Վարվառեն նստեց անկողնի մեջ, աշխատելով զսպել յուր թուլությունը։ Քանի մի անգամ այտերն և ճակատը սառը ջրով շփելով, նա անզորացած դարձյալ պառկեց, երեսը դարձրեց պատին և աղախնին ձեռով նշան արավ, որ հեռանա։

Մինաս Կիրիլլիչն յուր օրերն անց էր կացնում դարձյալ յուր սենյակում առանձնացած։ Երբեմն նա մինչև անգամ թեյ խմելու կամ ճաշելու ժամանակ ևս չէր դուրս գալիս։ Աղախինն ամեն ինչ տանում էր նրա սենյակն և միշտ ծերունուն տեսնում էր երկայն «չիբուխը» ձեռին ծխելիս և խորասուզված մտքերի մեջ։ Միամիտ պառավը վաղուց տեղյակ էր Վարվառեի ամուսնական դժբախտությանը և ծերունու տխրությունը վերագրում էր այս հանգամանքին, սակայն