Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է դրսից խոսելը։ Նա բաց արավ դռները, ներս թողեց Ռոստամյանին։

— Ի՞նչ ես կամենում,— հարցրեց նա շփոթված,— ինչո՞ւ ես եկել այսպես անժամանակ։

Ռոստամյանը, պատասխանելու փոխարեն, բռնեց նրա նիհար ձեռներն և երեսը դարձրեց դեպի լամպարը։

— Դու հիվա՞նդ ես, ասա՛, վտանգավո՞ր է հիվանդությունդ, Վարվառե,— գոչեց նա բավական բարձր ձայնով, մոռանալով, թե որտեղ է գտնվում։

— Ե՞ս. ոչ... տեսնում ես, որ պառկած չեմ։

— Նստի՛ր, ես հուզված եմ, այս դրության մեջ խոսել չեմ կարող, նստենք, հետո... Նա քնած է, ես գիտեմ, մի՛ բարկանար, մի՛ վախենար, Վարվառե։

Այս ասելով Ռոստամյանը նստեց մի աթոռի վրա, մյուսն առաջարկելով Վարվառեին։ Բայց Վարվաոեն չնստեց. նա երկյուղալի դեմքով նայում էր աջ ու ձախ, ականջ էր դնում դեպի հոր սենյակի կողմը։

— Ես վախենում եմ, Ստեփան, մեզ լրտեսում են, նա կարող է ամեն րոպե դուրս գալ, ասա, ինչ որ ասելու ես, և հեռացիր շուտով։

— Վարվառե, ես ոչինչ չունիմ ասելու, ես ուզում էի միայն քեզ տեսնել։ Հո հիվանդությունը վտանգավոր է, ես զգում եմ այդ, ահա, աչքերիդ տակը կապտել է, երեսդ դեղնել է։ Ահա, դու այժմ ևս տաքություն ունես,— ավելացրեց նա, բռնելով Վարվառեի բազուկը,— պատահեց քեզ, տեր աստված. մի՞թե այս դրության մեջ պիտի ճանապարհորդես։ Խնայի՛ր քեզ, Վարվառե, խնդրի՛ր այն մարդուն, որ հետաձգի յուր վճիռը, մինչև քո առողջության վերականգնելը...

— Ուշ է։ Տեսնո՞ւմ ես, որ շորերս արդեն կապված են... ամեն ինչ վերջացած է։ Ների՛ր ինձ, Ստեփան, որ քեզ այդքան վշտացրի... մոռացի՛ր ինձ... Գնա՛... գնա՛...

Բայց Ռոստամյանը նրա ձեռներն յուր ձեռների մեջ բռնած, շարունակում էր մերթ աջը, մերթ ձախը համբուրել։ Նա երկյուղած դեմքով մտիկ էր անում Վարվառեի նիհարած, խորն ընկած այտերին, որոնց վրա դրոշմվել էր մի