Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անբնական թեթև կարմրություն։ Նա չէր կարծում, թե հիվանդությունն այսչափ փոխել է Վարվառեին։ Ինչ-որ մի չարագուշակ կասկած ծագեց նրա սրտում, և նա զգաց, որ, արդարև, հիվանդությանը խիստ վտանգավոր է։ Նա խորին վշտակցությամբ մի քանի րոպե նայում էր Վարվառեի երեսին։ Վերջինն երեսը շուռ տվեց մյուս կողմը, հանդարտությամբ ազատեց յուր աջ ձեռը և թուլացած դրեց նրա ուսի վրա։ Իսկ Ռոստամյանը, դառն կսկիծը սրտում, խղճահարված, ընկճված յուր նախազգացման ծանրության ներքո, քնքշությամբ սեղմում էր նրա նիհար ճակատն յուր շրթունքներին։

Անցավ տասն րոպե, լուռ, երջանիկ րոպեներ։ Նրանց սրտերը բաբախում էին սաստիկ։ Վարվառեն րոպե առ րոպե ցնցողաբար դողում էր, իսկ Ռոստամյանն, ավելի ու ավելի ամուր սեղմելով նրա ձեռը, մյուս ձեռով մերթ շոյում էր նրա ճակատն ու մազերը և մերթ գլուխը սեղմում էր յուր ուսին։

Բաց դռներից փչեց մի թեթև զով քամի և, միևնույն ժամանակ, լսցվեց ինչ-որ շշուկ։ Վարվառեն արագությամբ գլուխը բարձրացրեց Ռոստամյանի ուսի վրայից, ձախ ձեռը խլեց նրա ձեռից և երկյուղալի ձայնով գոչեց.

— Գնա՛, Ստեփան, մի՛ փորձիր ինձ, գնա՛։

Այս ասելով, նա մոտեցավ դռներին, նայեց դեպի դուրս։ Ոչ ոք չկար. ոչ մի ձայն չէր լսվում. միայն հանդարտ սոսափում էին կանաչազարդ ակացիայի տերևները։

Ռոստամյանը, որ Վարվառեի հրապուրիչ մերձավորությամբ քանի մի րոպե մոռացել էր իրականությունը, մոռացել էր յուր և Վարվառեի վտանգավոր դրությունը, դարձյալ սթափվեց, նստեց աթոռի վրա և թույլ ձայնով արտասանեց.

— Մի՞թե նրա մեջ բոլորովին մեռել է խիղճը, մի՞թե նա վճռել է սպանել յուր միակ աղջկան։ Ոչ, Վարվառե,— շարունակեց նա, ձայնը բարձրացնելով և ոտքի, կանգնելով,— նա խղճալի չէ, խղճալին դու ես և ես... ե՜ս։ Թո՛ղ նրան և հեռացիր... գնա՛նք միասին... փախչենք այս հասարակությունից։ Թող մեղադրեն մեզ, փույթ չէ... թող հայրդ անեծք կարդա մեր հետևից։ Նրա անեծքը չի կարող ազդել,