Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր Քիրիշչիևի տանը, տեսել էր նրա կնոջ ու զավակների մահը, իսկ Վարվառեին մեծացրել էր յուր գրկում։ Եվ այդ երկար տարիների ընթացքում նա ընտելացել էր հորն ու աղջկան, իբրև մի ընտանեկից։ Նա շատ անգամ խոստովանվում էր, թե նրանց սիրում է ավելի, քան յուր երկու որդիներին, որոնցից մեկը հայտնի չէր թե որտեղ է, իսկ մյուսը — Վոլգայի վրա բանվորություն էր անում և վաստակածը թողնում օղետներում։ Ուր որ տանում էին, Մատրենան գնում էր անտրտունջ։ Մինաս Կիրիլլիչը, մասամբ հարգելով, մասամբ խնայելով ծերությունը, նրան չէր արձակում պաշտոնից, մանավանդ որ Վարվառեն սիրում էր աղախնին։

Վարվառեի ամուսնական տխուր վիճակը ռուս պառավին խիստ վշտացնում էր։ Ինչո՞ւ այդ երիտասարդ ամուսնացած կինը պիտի զուրկ մնա յուր մարդուց,— մտածում էր նա և, միևնույն ժամանակ ճանաչելով Միզանդրոնցովի վարք ու բարքը, բարվոք էր համարում, որ Վարվառեն առանց ամուսին ապրի, քան թե այնպիսի մարդու հետ։ Հաճախ նա յուր ցավակցությունը հայտնում էր Վարվառեին, մխիթարում էր նրան, անիծում էր նախ Միզանդրոնցովին, ապա բոլոր տղամարդկանց և հետո ողբում կանանց վիճակը:

— Շտապի՛ր, Մատրենա, ժամանակն անցնում է,— հրամայեց Մինաս Կիրիլլիչը, մտնելով խոհանոց։

— Այս րոպեիս,— պատասխանեց պառավը, սթափվելով յուր մտքերից։

— Տիրուհիդ զարթնե՞լ է։

— Երևի, զարթնել է, ապա մի գնամ, տեսնեմ։

Մատրենան շտապով անցավ տիրուհու սենյակը։ Վարվառեն արդեն արթուն էր, բայց դեռ պառկած էր անկողնի մեջ, երեսը դեպի պատը դարձրած, ձեռները վերմակի վրա տարածած։ Մատրենան ներս մտավ թե չէ, լսեց նրա բարձրահնչյուն և հորդոր շնչառությունը։ Նա, կարծելով, որ Վարվառեն քնած է, անկողնակալին մոտեցավ զգույշ, ոտների մատների վրա։

— Դո՞ւ ես, Մատրենա,— արտասանեց Վարվառեն, դժվարությամբ շուռ գալով մյուս կողմի վրա։