— Այո, տիրուհի, զարթնե՞լ եք, վե՛ր կացեք, մենք պատրաստ ենք. այս րոպեիս սամովարը կբերեմ, պարոնը կոշիկները հագել է։
— Սպասի՛ր, իսկույն կվերկենամ։
Այս ասելով, Վարվառեն թույլ ձեռով վերմակը ձգեց մի կողմ և ոտքի կանչեց։ Աղախինը աթոռի վրայից վերցրեց նրա հագուստն ու մոտեցրեց նրան։
Վարվառեի ծնկները դողում էին. նա տաքության մեջ էր, բայց չէր հայտնում։ Դողդողալով, գլուխը պատելով, Նա մի կերպ հագնվեց, ստեպ-ստեպ բռնելով անկողնակալի ծայրից, որ չընկնի։
— Տիրուհի, դուք առո՞ղջ եք,— հարցրեց Մատրենան, մի կասկածելի հայացք ձգելով Վարվառեի երեսին։
— Լավ եմ, Մատրենա, փա՛ռք աստուծո։
— Ոչ, տիրուհի, դուք ինձ խաբում եք, դուք հիվանդ եք։
— Գնա բանիդ, ես իսկույն կգամ,— ընդհատեց աղախնի խոսքը Վարվառեն։
— Ջուր չե՞ք կամենում լվացվելու համար։
— Ո՛չ, հետո, այժմ չեմ ուզում։
Մատրենան դուրս գնաց։
— Տեր աստված, մի՞թե ինձ չի հաջողվիլ զսպել թուլությունս,— ասաց Վարվառեն ինքն իրան,— նախ և առաջ հարկավոր է թաքցնել այս թաշկինակները... Կուրծքս... Կուրծքս,— ավելացրեց նա, բարձի տակից երկու արյունաշաղախ սպիտակ թաշկինակներ հանելով և գրպանը դնելով։
Չարագուշակ հազն ընդհատեց նրա խոսքը, նրա այտերը կապտեցին, պարանոցի մուգ-մոխրագույն երակները դուրս ցցվեցին։ Նա թաշկինակներից մեկը բռնեց բերանին, բայց այս անգամ արյուն չերևեցավ։
Հեշտաեռն արդեն սեղանատան պատուհանի վրա դրած էր։ Մինաս Կիրիլլիչր թեյ էր խմում։
— Մատրենա, թեյ ածիր տիրուհուդ համար, ժամանակն անցնում է,— շտապով հրամայեց նա, մի կողմնակի հայացք ձգելով աղջկա կարմրած այտերի վրա, երբ նա ներս մտավ։