Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Օգնի՛ր, Մատրենա. նա հիվանդ է,— բացականչեց շվարած հայրն և, աղախնի օգնությամբ, դստեր անշնչացած դիակը տարավ նրա սենյակը:

Մատրենան շուտով բաց արավ կապոցներից մեկը, մի րոպեում անկողինը պատրաստեց: Վարվառեին պառկեցրին։

— Կառքերը պատրաստ են,— լսվեց ծառայի ձայնը։

— Նստիր նրանցից մեկն և շտապիր Միսկարյանցի մոտ, ճանաչո՞ւմ ես, խնդրիր իմ անունով, որ այս րոպեիս գա։ Մատրենա, վազի՛ր և տանտիրուհուն հրավիրիր այստեղ, շո՛ւտ:

Մինչ Մատրենայի վերադառնալն և այրի Նատալիայի գալը, ծերունին, Վարվառեի թուլացած ձեռն յուր ափի մեջ բռնած, աշխատում էր խրախուսական խոսքերով ուշքի բերել նրան: Վարվառեն սթափվեց և մռայլ հայացքով նայեց հոր երեսին:

— Իսկույն կանցնի, — ասաց նա դողդոջուն ձայնով,— բժիշկ հարկավոր չէ... իսկույն կուղևորվենք...

— Ոչ, Վարվառե, այսօր չէ, վաղը կգնանք, դու տկար ես... մի՛ վախենար, բժիշկը կգա և կօգնի...

Ներս մտավ այրի Նատալիան և, ճակատի մազերը հետ քաշելով, կես զարմացած և կես վախեցած մոտեցավ Վարվառեի անկողնակալին.

— Չէ՞ի ասում ձեզ, որ հիվանդ է, տեսա՞ք,— դարձավ նա ծերունուն հանդիմանորեն.— Ոչինչ, Վարվառե, աղջիկս, ուշքի եկ, սիրտ առ...

Նա շտապով վազեց, մի բաժակ քացախ բերեց և սկսեց նրանով տրորել հիվանդի ճակատը, պարանոցը, ձեռներն ու ոտների մատները:

Ծառան վերադարձավ և հայտնեց, թե բժիշկ Միսկարյանցը չի ուզում գալ:

— Ինչո՞ւ,— հարցրեց Մինաս Կիրիլլիչը զարմացած և բարկացած:

— Ասում է, զբաղված եմ: — Անպիտա՛ն, նա իրավունք չունի մերժելու... ես կգնամ և կբերեմ: