Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Զուր կլինի, աղա, նա բարկանում է, ասում է, ես բժշկում էի նրան, չթողին, որ առողջացնեմ... Այժմ, ասում է, թող ուրիշ բժիշկ կանչեն...

— Դոխտոր Միսկարյանցը շատ կոպիտ մարդ է, նա չի գալ, ես գիտեմ, ուղարկեցեք Միրզախանյանցի հետևից. նա իսկույն կգա,— մեջ մտավ այրի Նատալիան:

Ծառան գնաց և, արդարև, իսկույն բերեց Միրզախանյանցին։

Դա մի երիտասարդ մարդ էր, միջահասակ, ֆրանտ հագնված, սաթի պես սև միրուքով, ծնոտը սափրած ու բերանը գրեթե բոլորովին ծածկված հաստ և երկայն ընչացքով, որ ծիծեռնակի թևերի էին նմանվում:

Նա, յուր դեմքին փորձառու գիտնականի արտահայտություն տալով, որ բոլորովին սազ չէր գալիս նրա կանացի այտերին և ճակատին, զննեց հիվանդին, խրախուսեց և անմիջապես գրիչ ու թուղթ պահանջեց։ Ամեն ինչ կապկպած էր. այրի Նատալիան վազեց Ռոստամյանից բերեց գրիչ, թուղթ ու թանաք։ Մինչև այրիի վերադառնալը բժիշկը հարց ու փորձ էր անում հիվանդի մասին, ինքնուրույն հայացքներ ձգելով յուր շուրջը։ Երբ նա կողմնակի հարցերով իմացավ սենյակների դատարկության պատճառը, նրա դեմքի արտահայտությունը փոխվեց։ Նա սկսեց ավելի մեղմ խոսել։ Մինաս Կիրիլլիչը չքավոր մարդ չէր...

Վարվառեն դեղերը ընդունեց այրի Նատալիայի օգնությամբ, որ մոր պես փայփայում էր նրան։

Մինաս Կիրիլլիչը, հարկավ, ուղևորությունը հետաձգեց անորոշ ժամանակով։ Կապոցներն և սնդուկները նորից բաց արին, սենյակներն ընդունեցին իրանց առաջվա տեսքը, խոհարարը մնաց, կյանքը սկսեց ընթանալ, ինչպես առաջ։

Բժիշկը գալիս էր առավոտ ու երեկո և միշտ խրախուսում էր, թե ոչինչ, շուտով հիվանդը կառողջանա...

Այրի Նատալիան օրական մի քանի անգամ այցելում էր Վարվառեին և ժամերով նստում էր նրա մահճակալի մոտ։ Բարեսիրտ կինն ուղղակի տանջվում էր, ակնհայտ տեսնելով, թե ինչ արագությամբ կյանքը սպառվում է գեղեցիկ և ծաղիկ մարմնի մեջ։ Տաքությունը մերթ սաստկանում