Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վարակիչ էր, չհամարձակվեցավ մոտենալ ոչ Բարխուդարին և ոչ Հայրապետին:


Առաջինն այսպես էր դատում։


— Ես դերձակ մարդ եմ, իմ արհեստս թուրքերի հետ է կապված, թուրքերն էլ, փառք աստուծո, իրանց տեղումն են։ Նրանք մեզանից խելոք են, իրանց պապական օջախը չեն քանդում մեր հայերի պես ու օլքա֊օլքա ընկնում մի կտոր հացի խաթրու։ Թե որ աստված մարդուս ճակատին մի կտոր հաց է գրել, նա որտեղ որ լինի, կուշտ կլինի, թե չէ, ու չէ։


Իսկ Հայրապետը այսպես էր դատում.


— Թուրքն ասում է. «քյոռ իշուն համսի բիր, յա բուրդա, յա Բաղդադտա»։ Մի քանի հարյուր կուժ ու կուլա բարձած ի՞նչտեղ կարող եմ գնալ, ի՞նչ կարող եմ անել։ էլի Շամախում մի բան կա. ճշմարիտ է, ասելը մեղք է, բայց դրուստը պիտի խոստովանեմ, որ երկրաշարժը թեև ինձ վնասեց, խեր էլ տվավ, չունքի քաղաքում էլ սաղ կուժ ու կուլա չի մնացել, հիմա ամենքը մեկ էլ նորից են առնում։ Առևտուրս զոռ է։


Եվ այսպես, Բարխուդարն ու Հայրապետը մնում էին Շամախում։


Երկու հարևանները շարունակում էին իրանց բարեկամությունը։ Նախկին դրացության համակրության վրա ավելացել էր խնամությունը։ Գյուլնազը և Մարիամ բաջին խնամիներ էին և կատարում էին մի առանձին եռանդով այն բոլոր պարտականությունները, որ պահանջում էր քաղաքի ավանդությունը։


Կտեսնեիր, որ բարեկենդան օր է, առավոտը կանուխ, դեռ թեյ չխմած, ահա Մարիամ բաջին, ցրտից սրթսրթալով, ներս մտավ, ձեռում երկու ափսե իրարու վրա դրած: Ափսեների մեջ խնամքով դարսած են ղութաբներ և բիշիներ: Մարիամ բաջին վազեվազ բերել է, որ նրա աչքի լույս Սուսանը տաք-տաք ուտի»։