Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զատկի առավոտ է, մեկ էլ տեսնես Գյուլնազը շալի ծայրում փաթաթած տասը քսան խաշած կարմիր ծվեր վազեցնում է Հայրապետանց տուն։


— Առ, բալաս, տա՛ր, էսօր կռվացրու էս ձվերը, բախտդ փորձիր,— ասում էր նա, ձվերը տալով Սեյրանին և մի քանի համբույրներ դրոշմելով նրա թշերին։


Դեռ երկրաշարժից մի տարի չանցած Հայրապետը Բարխուդարի խորհրդով Սեյրանին տվել էր Սարգիս վարպետի ուսումնարան, ուր նույնպես սովորում էր Բարխուդարի որդի Սմբատը։


— Թող սև ու սպիտակը ջոկել սովորի, մեզ նման մարդը ինչի է հարկավոր,— ասում էր Բարխուդարը։


Սեյրանը առաջին տարին մի այնպիսի ընդունակություն ցույց տվավ, որ Սարգիս վարպետի ուշադրությունը գրավեց։ Մի տարվա ընթացքում նա անցավ այբուբենի տետրը, Սաղմոսը, բայց երբ երկրորդ տարում հասավ Ավետարանին — սկսեց փոքր առ փոքր ծուլանալ։ Նա օրեցօր զզվեց Սարգիս վարպետի ուսումնարանից։ Շատ աշխատեց Սարգիս վարպետը յուր ընդունակ աշակերտին ազատելու ծուլության ախտից, շատ անգամ դիմեց այս նպատակով սովորական միջոցին — ֆալախկային։ Բայց ոչինչ չօգնեց։ Սեյրանը քանի գնում, այնքան ծուլանում էր։ Նա շատ ժամանակ, տանը Մարիամ բաջուն խաբելով, թե ուսումնարան է գնում, գրքերը թաքցնում էր բակում, հողի տակ, իսկ ինքը վազում փողոց ընկերակիցների հետ խաղալու։


Հայրապետը սկզբում խրատում էր նրան, պարգևներ էր խոստանում, բայց վերջը, տեսնելով, որ այս չի օգնում, նույնպես դիմեց Սարգիս վարպետի միջոցին, այսինքն ծեծել։


— Ես շկոլից հենց վարպետի ռոզգիներից եմ փախչում, դու էլ տանն ես թակում,— ասում էր Սեյրանը, աչքերի արտասուքը արխալուղի թևերով սրբելով։


Մի օր վարժապետը Սեյրանին, մի դաս նշանակելով, ասաց.


— Տե՛ս, Սեյրան, վաղը այս դասը այնտեղից մինչև այստեղ լավ անգիր կանես։ Ջուր կանես, հաա՛, թե չէ