Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/474

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Սպասի՛ր, պատմեմ։

Եվ Կատոն պատմեց։ Առավոտյան Լազար Մակարիչը գնում է յուր գործին։ Կատոն մնում է տանը միայնակ և սկսում է տնային գործերով զբաղվել։ Տասն ու մեկ ժամին տիկին Մեյբարովի եղբայրը — իշխան Սերաֆիոն Բեգխանովը — գալիս է յուր քրոջ կողմից հարցնելու, թե երբ են ամառանոց գնալու։ Առաջինը չի ու վերջինն էլ չի լինիլ աշխարհում — ծանոթը ծանոթի մոտ կգա ու կգնա։ Նստում է, խոսում է դեսից ու դենից։ Էհ, Նատոն, քաղաքավարության համար, իշխանին սուրճի է պահում. մնում է «խեղճ» երիտասարդը։ Այդ ժամանակ վերադառնում է Լազար Մակարիչը, տեսնում է իշխանին և քիթը քաշ է անում։ Կատոն աշխատում է իշխանի հետ ավելի քաղաքավարի վարվել. էհ. հյուր է, ինչո՛ւ վիրավորվի։ Մի ժամ, մի ամբողջ ժամ այդ կոպիտ, անկիրթ, բազազ Լազրոն աչքունքը թթվեցրած կամ լուռ է մնում կամ եթե խոսում է, կարծես, ակամա։ Վերջն իշխանը գնում է, և Լազրոն սկսում է գոռալ. այ դես, այ դեն, ինչ գործ ունի իմ տանն այդ երիտասարդ իշխանը, ե՞ս ով, նա՞ ով։

— Ասում եմ,— շարունակեց Կատոն վրդովված,— չէ որ երկու տարի է ծանոթ ենք դու էլ, ես էլ. «Ծանոթս ո՞րն է, ասում է, դու ես իմ վզին կապել, ես այդ տեսակ դատարկ մարդկանց հետ գործ չունիմ։ Քաղցած է, ասում է, նրանից օգուտ չկա, մի օր էլ կամ պարտք կուզի կամ մի ուրիշ վատ բան կանի»։ Ի՞նչ վատ բան կանի,— հարցնում եմ ես։ «Նրա աչքունքից, ասում է, երևում է, որ իստակ մարդ չէ՛»։ Հիմա, տեսնո՞ւմ ես, մամա, հավլաբարցի քաչալ Լազարեն այնքան մեծ մարդ է դառել, որ իշխաններին էլ չի հավանում։ Ես սկսում եմ խաղաղացնել... Չի լինում. տեսնում եմ, որ աչքերը կարմրած, գայլի պես կատաղած, մարդը փոքր է մնում, որ ինձ տեղն ու տեղը խեղդի։ Վերջը, էլ համբերությունս կտրվեց, սկսեցի հանդիմանել։ Նա ավելի կատաղեց և մի այնպիսի հիշոց տվեց... Ամոթից դուրս եկա ու փախա այստեղ, որ չլսեմ։ Չէ, չէ, մամա, ես այն տեսակ մարդու կնիկ լինել չեմ կարող, նա գժվել է։

Այրին սկսեց խաղաղացնել աղջկան, հրավիրեց ճաշին