Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարակուսանքով շարժում էր և լուսամուտից նայում հեռու ու հեռու...

Կատոն առաջվա պես շուտ-շուտ այցելում էր մորն և երկար հարց ու փորձ էր անում նրան թե Վարվառեի և թե Ռոստամյանի մասին։ Ռոստամյանն, ինչպես միշտ, տակավին և այժմ խույս էր տալիս նրանից: Բայց նախանձամիտ կինը նախկին խստությամբ չէր դատապարտում Վարվառեին։ Բարեսիրտ Նատալիան այնպիսի տխուր գույներով էր նկարագրում հիվանդի դրությունը, որ աղջիկը լռում էր։

Մի օր, երբ այրին յուր սենյակներից մեկը կահավորում էր յուր որդու համար, որ շուտով պիտի գար, Կատոն ներս մտավ — սաստիկ հուզված և բարկացած:

— Ի՞նչ է պատահել,— հարցրեց մայրը զարմացած և երկյուղով։

Կատոն ձեռի հովանին և գլխարկը շպրտեց սեղանի վրա և գոչեց.

— Գնա ու Վարվառա Մինաևնային ասա, որ ես շատ ու շատ հավանում եմ նրա արածը։ Անպիտան, կինտո, հավլաբարցի, բազազ...

— Ո՞ւմ վրա ես բարկացած, Կատո, ի՞նչ կա,— հարցրեց մայրը։

— Այն կա, որ դու ինձ դժբախտացրել ես.

— Ե՞ս եմ դժբախտացրել քեզ, ի՞նչպես։

— Այնպես, որ ինձ տվել ես այն հավլաբարցի կինտոյին... Կոպիտ, անկիրթ... համարձակվում է կասկածել իմ մասին...

— Կասկածե՜լ,— կրկնեց մայրն ապշած,— ի՞նչ ես ասում, Կատո։

— Լսիր ու կիմանաս, թե ինչ եմ ասում. ես այսուհետև... էլ... չեեեմ կա... րող... Լազրոյի... հետ... ապրեեել։ Նա խելագարվել է, գիտե՞ս, խելագարվել է: Նա իմ հյուրերին իմ տնից դուրս է փախցնում, նա ինձ քաղաքի մեջ խայտառակ է անում, անունս կեղտոտում է...

— Ո՞ւմ է դուրս արել, ե՞րբ,— ընդհատեց այրին կատաղած աղջկա խոսքը։