երեխայի պես լալիս էր։ Նա դարձել էր ավելի հուզվող, դյուրագրգիռ, զգայուն և մանրակրկիտ։
Այրի Նատալիան, ժամանակ-անժամանակ, այցելում էր հիվանդին և ժամերով նստում նրա մահճակալի մոտ։ Վարվառեն, նրան տեսնելիս, ուրախանում էր։ Շատ անգամ, յուր ոսկրոտ ձեռը դնելով այրիի փափուկ ափի մեջ, թույլ և փոքր ինչ խռպոտ ու երերուն ձայնով այնքան խոսում էր, որ այրին երբեմն, վախենալով վատ հետևանքից, ստիպված էր լինում ընդհատել նրա խոսքը։ Խոսում էր նա անկապ, այլ և այլ բաների վրա, ստեպ-ստեպ փոխելով խոսակցության առարկան։ Ամեն օր նա խնդրում էր այրիին, որ սա մխիթարի ծերունուն, թույլ չտա, որ նա շատ տխրի յուր աղջկա հիվանդության մասին։
— Ես հույս ունեմ, որ շուտով կառողջանամ,— կրկնում էր նա վերջին օրերը։
Քանի հիվանդությունն, ըստ երևույթին, վտանգավոր չէր, բնավ չէր երկնչում մահից։ Բայց վերջին օրերն, երբ միայն թույլ շնչառությունն էր մնացել, երբ նրա կանաչ-հողագույն դեմքը մահ և միայն մահ էր արտահայտում, նրա մեջ ծագեց զարմանալի հույս, թե շուտով առողջանալու է։ Որքան կյանքը սպառվում էր, նույնքան այն քաղցրանում էր հիվանդի համար և նույնքան առողջանալու հույսը զորանում էր նրանում։ Միևնույն ժամանակ, որքան նա մարմնապես տկարանում էր, նույնքան նրա խելքն ու միտքը պարզվում էին, նույն քան առողջ դատողություն էր անում այս կամ այն խոսակցության ժամանակ։ Կարծես, մարմնից պակասող ուժն ավելանում էր հոգու և մտքի կորովին։
— Ախ, ի՞նչ լավ օր է,— ասում էր նա այրիին, խորը խորշերի մեջ ընկած աչքերի լայնացած բիբերը դարձնելով դեպի փողոցի կողմի լուսամուտը։— Գիտեք, Նատալիա Պետրովնա, ես ձեր Թիֆլիսը շատ հավանեցի, շա՜տ, ոչ մի տեղ երկինքն այսպես պարզ և կապույտ չէ։ Հենց որ առողջանամ, մի օր միասին գնանք քաղաքից դուրս, հեռու, մի ամառանոց...
— Աստուծով, աստուծով, դուք միայն լավացեք, գնալը հեշտ է,— սփոփում էր բարեսիրտ այրին, մայրական