Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/481

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հազը: Հիվանդն աջ ձեռի արագ շարժումով վերմակի ծայրը դեն ձգեց կրծքի վրայից։

— Ոչ, դուք ինձ այն ասացեք, չպիտի՞ ներեք ինձ,— շարունակեց նա, հեկեկանքը մի կերպ զսպելով։

Հայրը մի ձեռով բռնեց նրա բազուկը, մյուս ձեռով ծածկեց յուր աչքերն և, մի քանի վայրկյան լռելուց հետո, թույլ և դողդոջուն ձայնով ասաց.

— Ես արդեն ներել եմ քեզ...

Հիվանդն երեսը դարձրեց նրա կողմը։ Խորին գոհունակության ժպիտը շրթունքների վրա և ուրախության փայլն աչքերում` նա հոր ձեռը մոտեցրեց բերանին և երեք անգամ համբուրեց։ Հետո նա, աչքերը հառելով առաստաղին, կարծես, ինքն իրան սկսեց խոսել այսպես.

— Շնորհակալ եմ, ես արժանի չէի։ Ես նրա համար էի ուզում մորս պատկերը, որ տեսնեմ, նա այժմ էլ այնպես է նայում ինձ վրա, ինչպես առաջ, տխուր, հանդիմանելով ինձ։ Դուք բարի եք, նա էլ բարի է եղել։ Իսկ ե՞ս... Գնա՛նք այստեղից։ Ես չեմ ուզում մնալ... Հեռացրե՛ք ինձ այստեղից, շուտով, շուտո՛վ հեռացրեք։ Դուք կարծում եք, որ ես չե՞մ կարող ճանապարհորդել... Բժիշկը սխալվում է։ Բժիշկները միշտ սխալվում են... Ես այս գիշեր մի երազ տեսա, լավ երազ էր. ես առողջ էի, զվարթ էի, ուրախ էի, մենք — ես, դուք, մայրս — միասին գտնվում էինք մի կայարանում։ Հեռու, շատ հեռու տեղ պիտի գնայինք...

— Ա՜խ, այս ինչ սարսափելի շոգ է, ծանր է,— շարունակեց հիվանդը, վերմակը բոլորովին մի կողմ ձգելով։— Ես ճշմարիտն եմ ասում, որ պետք է գնամ։ Ո՞վ կարող է ինձ արգելել... Ոչ ոք։ Պատկե՞րը, պատկե՞րն եք ասում։ Չէ՛ հարկավոր չէ... Ես մորս գերեզմանը տեսել եմ, էլի ուզում եմ տեսնել: Ուզում եմ ընկնել նրա քարի վրա, լաց լինել... Ա՜խ, լաց լինել, ես լաց լինել եմ ուզում, թողեք, որ ես լաց լինեմ։ Սուտ է. աշխարհիս երեսին աղջիկ չկա, որ յուր ծնողներին չսիրի: Երանի նրան, որ կենդանի մայր ունի: Ես չունիմ, Նատալիա Պետրովնա, ես չունիմ։ Նա ինձ կսիրեր, եթե տեսած լիներ։ Նա հիմա էլ է սիրում... Սիրո՞ւմ է, սիրո՞ւմ է, ասացե՛ք։ Նա ո՞վ է... Դո՛ւրս, չեմ