Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/482

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու՜զում: Նա կգա, Լավ չէ։ Ստեփա՞ն, Ստեփա՜ն, Ստեփա՜ն։ Նա ինձ չի թողնում, հայրս է, արգելում է... Ախ, այս ի՜նչ շոգ է...

Հիվանդն արդեն զառանցանքի մեջ էր խոսում։ Շվացված, երկյուղած ծերունին մերթ տեղից բարձրանում էր, ուղղում էր վերմակը, մերթ նստում էր, բռնում զառանցող դստեր ձեռը, նայում երեսին և արտասուքն աչքերին անդադար կրկնում.
— Վարիա, հանգստացի՛ր, Վարիա, հանգստացար...
Հիվանդը չէր հանգստանում։ Խելագարի պես արագ-արագ շուռ էր գալիս այս և այն կողմի վրա, արտասանելով ինչ-որ անորոշ և անկապ դարձվածքներ։
Ներս մտավ բժիշկը, շտապով ձեռնոցը հանեց, մոտեցավ և հիվանդի բազուկը բռնեց։ Երբեք տաքությունն այն աստիճանին չէր հասած մինչև այն օրը։
Խորին ակնածությամբ լի հայացքը բժշկի երեսին հառած, Մինաս Կիրիլլիչը մահճակալի մյուս կողմում կանգնած էր անշարժ, գանաթափ, նիհարած, մեջքից թեքված։
Բժիշկը փորձեց խոսել հիվանդի հետ։ Կարմրած, լայնաբիբ աչքերը բաց, անխոս հիվանդը նայում էր նրա երեսին։ Նա ճանաչեց բժշկին, ձեռով մի բացասական շարժում արավ, երեսը շուռ տվեց պատի կողմն և վերմակը քաշեց գլխին...
— Այսօր շա՛տ է հուզվել,— հարցրեց բժիշկը շշնջյունով։
Ծերունին գլխով դրական նշան արավ։
Բժիշկն անցավ սենյակի մյուս անկյունն և, ձեռները գրպանը դնելով ասաց.
— Երբ բժշկի պատվերները չեն կատարվում, ինչպես հարկը պահանջում է, բժշկի պատասխանատվությունը պակասում է։ Ես անպարտ եմ։
Հետո նա մի հանգստացուցիչ դեղ գրեց տաքության դեմ և, ծառային կանչելով, անձամբ պատվիրեց, որ շուտով դեղը բերի այն հայտնի դեղատնից, որ առաջ ինքը նշանակեք էր։
Ծերունին կանչեց նրան մի կողմ։