Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ ես ասում։ Ութ ամիս պիտի սպասե՞մ։


— ճար չկա, հայրս փող չունի, փող է հավաքում հարսանիքիս համար։


Սուսանը կրկին հառաչեց։


— Ինչո՞ւ չես ծիծաղում, Սուսան։


— Մարդու սիրտը պիտի ուրախ լինի, որ երեսն էլ ծիծաղի։


Մի քանի վայրկյան տիրեց լռություն։


— Միտդ է, Սուսան, մեր երեխայությունը,— հարցրեց հանկարծ Սեյրանը։


— Ինչպես այն լուսինը։ Տես, սիրտս, ինչպես թրթռում է մորթած ծտի պես, դա ինչի՞ցն է։


Սուսանը, այս ասելով, բռնեց Սեյրանի ձեռը և դրավ յուր ձախ կողքին։ Նրա սիրտը բաբախում էր։ Սեյրանը, մի ձեռը դրած նրա կողքին, մյուսը զգուշությամբ բարձրացրեց և սկսեց քնքշությամբ շոյել նրա գանգուր մազերը։ Եթե Սուսանը նույնպես յուր ձեռքը դներ Սեյրանի ձախ կողքին, կարող էր զգալ, ինչպես է բաբախում վերջինի սիրտը։ Անցան մի քանի վայրկյաններ, նրանք լուռ էին։ Սուսանր չէր նայում Սեյրանի երեսին, բայց վերջինը նայում էր։ Օրիորդի ձեռները պատանու ուսերի վրա դողում էին։ Դուրեկան և քաղցր էր նրա համար այս դողը։ Մի ինչ որ կախարդական հեղուկ տարածվելով նրանց երակների մեջ, ախորժելի զգացմունքներ էր պատճառում։ Իսկ մի դյութիչ զորություն այդ րոպեին կաշկանդել էր նրանց լեզուները։ Սակայն լուռ էին լեզուները, իսկ սաստիկ բաբախող սրտերը նույն միջոցին ինչ որ գաղտնիք էին հաղորդում իրարու։


Անցավ մի քաղցր րոպե, մի րոպե, որ պարունակում էր յուր մեջ երկու պատանիների գոյության խորհուրդը։ Հանկարծ Սուսանը ձեռները քաշեց Սեյրանի ուսից։


— Վայ, վարսս կտրվի, ի՞նչ եմ անում։


— Ի՞նչ պատահեց, Սուսան,— հարցրեց Սեյրանը, շփոթվելով։


— Գնա՛, հեռացիր, հերիք է։


Սուսանը կամեցավ փախչել, բայց Սեյրանը բռնեց նրա թևից և չթողեց շարժվելու։