Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բաց թող, եթե ինձ սիրում ես, մայրս դուրս կգա,— հակառակեց Սուսանը, աշխատելով ազատել յուր թևը Սեյրանի ձեռքից։


— Մոտեցիր ականջիդ մի խոսք աս՛եմ, հետո փախիր։


Սուսանը կամա-ակամա հնազանդվեց նրան։ Սեյրանը, թեքելով նրա գլուխը դեպի յուր կուրծքը, մի ջերմ համբույր դրոշմեց նրա թավշամորթ այտերից մեկին։


— Էգուց գիշեր էլ այս ժամանակ դրսում սպասիր,— ասաց նա շունչը կտրած և բաց թողեց Սուսանին։


— Այդ ինչ արիր, Սեյրան,— շշնջաց Սուսանը, անգիտակցաբար արխաշուղի թևով սրբելով համբույրի տեղը։ Բայց Սեյրանն արդեն հեռացել էր։


— Ի՞նչ ձայն է,— լսվեց հանկարծ պատշգամբի վրա, Սուսանի հետևից մի տղամարդու սուր և զորեղ ձայն։ Ձայնը պատասխան չստացավ։


— Դո՞ւ ես, Սուսան, ի՞նչ ես անում այստեղ,— կրկնեց նույն ձայնը։


Սուսանը լուռ էր։


— Ո՞վ էր այն փախչո՛ղը, էյ, էյ, էյ, ո՞վ ես,— գոռաց նույն ձայնը, ավեչի ու ավելի զորեղանալով, բայց պատասխան չկար։


Սուսանն երկյուղից և ամոթից չկարողացավ ոչինչ խոսել։ Նա, գունաթափված, պատի տակ մնաց արձանացած:


VIII


Հետևյալ օրը առավոտ Մարիամ բաջին խոհանոցում հաց թխելու պատրաստություն էր տեսնում։ Նա մենակ էր, տանը ոչ ոք չկար։ Դեռ երեկ երեկո Մարիամ բաջին, հայտնելով Գյուլնազին, թե հետևյալ օրը հաց պիտի թխի, խնդրել էր նրան, որ գա իրան ոգնելու: Օրը բավական անցել էր, բայց Գյուլնազը, որ պիտի գար արևածագին, մինչև այդ ժամանակ չէր երևում։


Մարիամ բաջին ալյուրը մաղեց, ջուրը տաքացրեց, աղաջուրն էլ պատրաստեց, բայց Գյուլզնազը չկար։ «Յարաբ մի գնամ տեսնեմ ինչ իլավ, որ չեկավ — մտածում էր Մարիամ