Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Երեխաս տաքացրել է, անկողնում ընկած է, այս գիշեր չուրու լույս գելին է տվել։


— Ցուրտ է կպել, գիշերը մրսել է, բաց է քնել ի՞նչ է, արյուն, արյուն, մեջքից վզակոթից, կոներից արյուն հանեք տուր, տզրուկներ դիր վրեն։


— Երանի մրսած լիներ։ Ախ աստված չեմ իմանում մենակ իմ ճակատիս է դրել դա, թե ինչպես մի ուրիշն էլ կա։ — Սիրտդ ճաքի, սիրտս ճաքացրիր, հըըը՛: Ախչի, դե շուտ ասա տեսնեմ, ինչ է պատահել, վա՜յ,— գոռաց վերջապես Մարիամ բաջին, համբերությունից դուրս գալով։


— Աստված գլխիս խռովել պրծել է, ինչ պիտի իլի: Երեկ, էս կոտրած ձեռքովս սաղ օրը էնքան լվացք էի արել, որ իրիկնադեմին ինձանում էլ հարաքյաթ չէր մնացել ոտքի վրա կանգնելու։ Ճրագը վառեցի թե չէ, մի զահրումար մուռափ աչքերիս կոխեց։ Գլուխս տրմտըմալով, էս պատին, էն պատին կպչելով մի կերպ իրիկնահացը պատրաստեցի, իրան ու երեխեքոցը հաց ուտացրի։ Դե չորեքշաբթի էր, պաս օր էր, խաշխաշով փլավ էի եփել, ինքս էլ մի քանի պատառ դրի բերանս, հետո շորերս հագիս քաշվեցի մի կողմ, գլուխս դրի բարձին, որ քիչ հանգստանամ։ Սմբատս էլ երեկ տասը բեռ ճախ էր կտորել, շատ նեղացած էր, նա էլ պառկեց։ ճրագը վառ էր, ինքը նստած աշակերտի հետ կար էր անում։ Սուսանս էլ թոռի «մեխակին» էր գործում։ Ախչի, աչքերս աղաջուր ածեին, ոչ քնեի։ Հենց նոր խուփ էի արել, մեկ էլ տեսնեմ ականջիս մի ձայն հասավ, մի ձայն, որ կասես թե մարդ են խեղդում։


— Հը՛մ, հը՛մ, հըմ,— արտասանեց Մարիամ բաջին, նստած տեղը զանազան անհամբեր շարժումներ անելով։


— Զարզանդած՝ քնից վեր թռա օձի կծածի պես,— շարունակեց Գյուլնազը։— Մարիամ բաջի, ոչ տեսնես, էս քոռացած աչքերս բաց արի թե չէ, մեկ էլ տեսնեմ,— ի՞նչ տեսնեմ։


Գյուլնազը արխալուղի թևով սրբեց արտասուքը, որ խեղդում էր նրան և չէր թողնում ազատ խոսելու։


— Փուչիկդ ճաքի, Գյուլնազ կնիկ, սիրտս պատառ-պատառ արիր, մի անգամ ասա, վերջացրու էլի։