Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բաջին,— ամա չէ, էս գիշեր ճրագը չուրու սհաթի երեքը-չորսը վառ էր, երևի մարդը կար է արել, թևքն էլ անքուն մնացել, խեղճ է, թող քնի։


Վերջապես, Մարիամ բաջին տաշտը դրավ, ոչխարի մորթիներից մեկը ձգեց տակը, և երեսին խաչակնքելով, չոքեց, որ խմորը շաղախի։ թայց հենց նոր էր արխալուղի թևերը մինչև արմունկները ծալել և աջ ձեռի ցուցամատով պատրաստվում էր մի խաչ գծելու ալյուրի վրա, երբ Գյուլնազը ներս մտավ։


— Լույսը քեզ տեսնողին, ա քա, ի՞նչ պատահեց, որտե՞ղ մնացիր, շատ սպասելուց աչքերս ջուր դառան խոմ,— հանդիմանեց նրան Մարիամ բաջին։


— Բաշխիր, Մարիամ բաջի, գլուխս խառնվեց, չկարողացա շուտ գալ,— պատասխանեց Գյուլնազը, խոր հառաչելով։


— Ի՞նչ կա, ախչի, որ աչքունքդ զահրել ես, հըմ, ինչո՞ւ ես սփրթնել,— հարցրեց Մարիամ բաջին այս անգամ երկու ձեռներով հենվելով տաշտի ծայրին։


— Էհ, ոչինչ… աղաջուրը որտե՞ղ է։


Գյուլնազը շփոթված շալը գլխից քաշեց և, մի կողմ շպրտելով մոտեցավ օջախին։


Երեսիս մտիկ արա տեսնեմ, ախ ու ուֆդ առանց պատճառի չի, ես իմանում եմ։


Գյուլնազը երեսը, փոխանակ Մարիամ բաջու կողմը, շուռ տվավ հակառակ կողմը։ Նրա տխուր դեմքը, կարմրած աչքերը, տամուկ թերթերունքները ցույց էին տալիս, թե նա քիչ առաջ արտասվել է։


— Երանի էն կնկան, որ զավակներ չունի,— ասաց Գյուլնազը, կրկին հառաչելով։


— Առաջինը, լեզուդ տակահան չսրանա, որ էդպիսի խոսքեր չասես, հետո քեզանից բան եմ հարցնում, պատասխան տուր։


— Սուսանս քեֆ չունի։


— Ի՞նչ, ինչ ասեցի՞՛ր,— հարցրեց Մարիամ բաջին, յուր ականջներին չհավատալով։