Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ես, մազերս քանդելով, կուրծքս պատռելով, տե՛ս, այս էլ եղունգներիս տեղերը։


Այս ասելով, Գյոլնազը շապկի եզրը հետ քաշեց, և նրա սպիտակ կրծքի վրա երևացին մի քանի արյունոտ գծեր։


«Ի՞նչ է արել… նամուսս ցեխի մեջն է գցել, անունս տափն է կոխել, փափախս ոտնատակ է արել, ալ ի՛նչ է արել։ Դուրս է եկել գիշերվա կիսին Հայրապեաի տղի հետ ասվրաթ է անում, պաչպչվում է։ Ա՛յ ինչ է անում»։


Լսելով յուր որդու անունը, Մարիամ բաջին մի ճիչ արձակեց։


Գլուլնազը շարունակեց.


«Սուտ բան է, աչքիդ է երևացել, այ մարդ»,— ասում եմ ես, գլխապատառ մեջ ընկնելով, որ երեխիս առնեմ նրա զարմախ֊զարմախ ձեռներից։


«Կորի'ր, կորի՛ր, հեռացիր դու շ…շ… աղջիկ,— բղավում է վրես։— Չես հավատո՞ւմ, էլի չես հավատում, ես ասում էի, ասում էի, որ ականջովս է ընկել, սաղ քաղաքում խոսում են»։


— Այս որ ասում է, մի ձեռով երեխիս մազերից բռնած, մյուս ձեռով կրծքիս մի պինդ կոփում։ Էլ նրանից դեն ինչ է լինում, ինչ չի լինում, ոչինչ չեմ իմանում։ Աչքերս մթնում են, ուշքս գնում է, ընկնում եմ։ Շատ եմ մնում թե քիչ, աստված գիտե, մեկ էլ աչքերս բաց եմ անում, տեսնում եմ, որ Սմբատս երեսիս ջուր է շաղ տալիս: Սուսանս մազերը թափված, կապտած երեսով անձրևի պես արտասուք է թափում աչքերից։ Ինքն էլ, չիբուխ քաշելով, գիժ կովի պես պտույտ-պտույտ է անում։


— Անունդ սև քարին գրվի, Մեյրան տղա,— աղաղակեց հանկարծ Մարիամ բաջին, կրծքին խփելով։


— Լեզուդ պապանձվի, մի' ասի, մի' ասի, այ կնիկ,— ասաց Գյուլնազը, կրկին արտասվելով։


— Չասեմ, բաս ի՞նչ անեմ։ Նա, նա, էն սև երեսը Բաս մեզ ուզում է խայտառակ անի՞։ Բաս ուզում է էս քաղաքի մեջ, խալխի բերանում մեզ բերանի ծամոն շինի՜։ Վայ քո օրին, Մարիամ կնիկ։ Սեյրան աղա, թե տուն կգաս, կտեսնես թե քո գլխին ինչ օյին բերել կտամ։ Քո հերդ էս լեղին