Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խմողը չի, նա կթափի գլխիդ։ Ասում էի էս գիշեր, որ հալդ հալ չէր, Սեյրան տղա:

— Դու լինես, էն աստոծը, Մարիամ բաջի, չլինի չիմանամ, որ Սեյրանին մի բան ասես, ես հենց դրանից եմ վախենում, տաքարյուն տղա է, ով գիտե, ինչ կանի, ինչ չի անի։ Բարխուդարը, առանց էն էլ երդումաճաք իլավ, որ մարդիդ պիտի ասի։ Դու լինես էս օրվա օրը, Մարիամ բաջի, էնպես արա, որ էս բանը քնի, թե չէ մին Շամախին կլինի, մին էլ մենք, մի մատ մեղր կդառնանք խալխի բերանում։


Մարիամ բաջին արխալուղի թևերը կրկին քաշեց յուր տեղը, մազերը ուղղեց, բարձրացավ տեղից, փեշերից ալյուրի փոշին թափ տվավ և ասաց.


— Վեր կաց ոտքի, վեր կաց գնանք երեխիս մոտ։


— Ինչ գնաս, տաքացած ընկած է… օրը անց է կենում, հացդ կմնա։


— Զահրումար ուտեմ հացի տեղ, վեր կաց, ասում եմ։


Գյուլնազն և Մարիամ բաջին գնացին Սուսանի մոտ։


Սուսանը պառկած էր անկողնում։ Երբ Մարիամ բաջին և Գյուլնազը ներս մտան, նա մի վայրկյան գլուխը հանեց վերմակի տակից, նայեց նրանց, և կրկին փաթաթվելով, երեսը պատին շուռ ավավ։ Սուսանի ճակատը մինչև հոնքերը փաթաթված էր թաշկինակով, նրա թշերի վրա երևում էին կապույտ բծեր— Բարխուդարի տված ապտակների հետքերը։ Երբ նա մի վայրկյան վերմակի տակից նայեց, արտասուքից ուռած աչքերը փայլեցին դառն թախծությամբ։


Մարիամ բաջին նստեց Սուսանի բարձի մոտ, ձեռը դրավ նրա ճակատին, և յուր դեմքին փորձառու բժշկի լրջություն տալով, ծանր եղանակով ասաց.


— Կրակի պես էրվում է երեխիս ճակատը։ Է՛լ մի ուշացնի, Գյուլնազ, դալլաք Հապանին կանչել տուր, որ արյուն բաց թողնի խզատակից։


Հետո Մարիամ բաջին զգուշությամբ հետ քաշեց Սուսանի երեսից վերմակը և սկսեց հարց ու փորձ անել։


— Մարիամ բաջին ցավդ առնի, ո՞ր տեղդ է ցավում, աչքերդ ինչո՞ւ ես խփել, գլուխդ չի՞ դըմդմում։


Սուսանը չպատասխանեց, միայն տնքանքալով վերմակը