Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սեյրանի համար ամենացավալի բանն այն էր, որ չարագուշակ երեկոյից հետո չէր կարողանում տեսնել Սուսանին, հարցնել, իմանալ նրա դրությունը։ «Ով գիտե, կարելի է նա նեղացած է ինձանից, որ ես համբուրեցի և այսքան չարչարանքների պատճառ դարձա»,— ասում էր ինքն իրան Սեյրանը։ «Բայց չէ, այստեղ համբույրը չի գլխավոր պատճառը, ասում են, որ Բարխուդարը վաղուց է իմացել մեր տեսնվելը»։ Ահ, մի անգամ էլ նա տեսնե Սուսանի երեսը, հարցնե, իմանա նրա միտքը, հետո ինչ ուզում են, թող անեն նրան…


Եվ այս նպատակին հասնելու համար գիշեր ցերեկ նա մտածում էր, տեսակ-տեսակ ծրագիրներ էր կազմում։ Ամեն երեկո մութն ընկնելուց հետո, նա վազում էր ու թաքնվում Բարխուդարանց տան պատերի տակ, որ գուցե Սուսանը բակը դուրս գալու ժամանակ, նրան հանդիպի։ Բայց իզուր, Սուսանը չէր երևում, կարծես նա չկար աշխարհում։ «Չլինի թե հիվանդ պառկած է անկողնում»,— մտածեց մի օր Սեյրանը։ Բայց հետևյալ օրը նա կողմնակի կերպով հարցրեց այս մասին Սմբատից, և վերջինի խոսքերից երևաց, որ Սուսանը վաղուց է առողջացել։


Այսպես Սեյրանը մի ամբողջ ամիս անցկացրեց։


Կեսօրվա ժամի մեկն էր։ Արեգակը կիզում էր։ Այն փողոցը, ուր գտնվում էին Բարխուդարի և Հայրապետի տները, դատարկ էր։ Միայն երբեմն այս կամ այն տան դռներից դուրս էր գալիս շալի մեջ փաթաթված մի կին կամ օրիորդ և շտապով մտնում հարևան տներից մեկը, ձեռքում շողի տակ մի ափսե պահած։ Նա այսօրվա եփած կերակրից յուր հարևանի համար «զոնշի փայի» (հարևանի բաժին) է տանում:


Արեգակի տաքությունից նույնիսկ թափառական շները քաշվել էին փողոցի կիսախարխուլ պատերի ստվերի տակ և, լեզուները մինչև արմատը դուրս բերած, «շահ էին թակում»։ Օգուտ քաղելով նրանց թուլացած դրությունից, շնաճանճերը վրա թափված, անխնա կերպով կծոտում էին նրանց։