ախար ինչո՞ւ ծնեցիր, հըմ, ինչո՞ւ, որ էսօրվա օրը ինձ Բարխուդարի մոտ սև երես թողնի՞, հաա՞, այ ես քո էն… տեեեր աստված։
Մարիամ բաջին, տեսնելով, որ յուր ամուսինը շատ է երկարացնում, երեսը շուռ տվավ ու դուրս եկավ։ Հայրապետը մինչև երեկո այս կողմ այն կողմ շուռ տվավ, դես վազեց, դեն վազեց, մինչև որ իրիկնադեմին Սեյրանը եկավ տուն։
Առանց մի խոսք ասելու, առանց որևէ հարց ու փորձի, Հայրապետը մի մեծ կոպալ խլեց, որ հարձակվի յուր որդու վրա։ Վերջինը հենց սկզբից հասկացավ շարժողության պատճառը, փախավ դուրս, և ամբողջ օրն ու գիշեր չվերադարձավ տուն։ Բայց և այնպես նա չազատվեց պատժից։ Հայրապետը մյուս օրը երեկոյան բռնեց Սեյրանին և այնքան ծեծեց, որ ինքը հոգնեց, իսկ ծեծվողը ուշաթափվեց։
Սուսանի հետ տեսնվելուց հետո Սեյրանը այլևս դադարել էր հաճախել Բարխուդարի խանութը։ Նա վախենում էր, բայց որ ամենագլխավորն է, ամաչում էր երևալ ահարկու «ուստայի» աչքին։ Առավոտը նա դուրս էր գալիս տնից, վերադառնում էր երեկոյան։ Հայրապետը ամեն օր շարունակում էր գործածել խրատելու սովորական միջոցր — ծեծը։ Մարիամ բաջին աշխատում էր խելքի բերել Սեյրանին յուր մայրական քնքուշ խրատներով։
— Այ գեդա, այ գեդա, խնայիր մեզ, անուններս տափը մի' կոխիր, խելքի ե՛կ, գնա բանիդ։
— Կթակի, չեմ ուզում։
— Հուրսը քնել է, լավ է, բաշխել է, մի՛ վախենար։
— Հըմ, մի վախենար։ Սմբատն ասում է, ամեն օր անունս լսելիս, բեղերը կրծոտում է։ Չէ, չեմ ուզում, լավ է քաղցած մեռնիմ, քան թե նրա երեսը տեսնեմ։ Ես թակից չեմ վախենում։
— Բաս ինչի՞ց ես վախենում։
— Ամաչում եմ, ամոթ է։
—Մին բան ես բռնել, որ չամաչե՞ս, սև երես գեդա։