Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գլուխը վիրավորվել է փայտով։ Տեսնելով նրա ճակատից հոսող արյունը, քիչ մնար ուշաթափվեր։

— Էս օրվա օրը ո՛չ լուսանար մորդ համար, Սեյրան տղա, ախար նոխուդը զուր չէր թարս նշան տալիս,— գոչեց նա և վազեց խոհանոց ջուր բերելու։


X

Երեկո էր։ Մարիամ բաջին վշտացած հոգով ընթրիքի պատրաստություն էր տեսնում։ Հայրապետը դեռ խանութից չէր եկել։

Սեյրանը, գլուխը կարմիր թաշկինակով կապած, առանց չուխայի, սպիտակ չթից կարած բարակ արխալուղով նստած էր փողոցում իրանց դռների առջև։ Սմբատը և մի քանի ուրիշ հարևան երիտասարդներ նրան շրջապատած խոսում էին ցերեկվա անցքի մասին։ Սեյրանի դեմքը տխուր էր, աչքերը գետնին հառած։ Նա խոսակցությանը չէր մասնակցում։

— Ախար, աա՛դա, մին ասեք տեսնենք էդ ղալմաղալը ինչի՞ համար էր, — հարցնում էր մի մոտ քսան ու երկու տարեկան երիտասարդ։

Դա հագած էր կարճլիկ արխալուղ, որի վրայից կապած էր լայն արծաթյա գոտի, սև մահուդյա շերքեսկա բուզմաներով և վազմաններով, մի փոքր սովորականից լայն վարտիկ և երկայն կտուցներով մաշիկներ։ Նա գլխին դրած էր կոլորակ մեխակագույն բուխարու գդակ։ Երիտասարդի բեղերը սրած էին և ծայրերը մկան պոչի պես բարակացրած։ Բայց նա, այսուամենայնիվ, չէր դադարում էլի մատերի ծայրերով նրանց ոլորելու։

— Ես ինքս հենց էնտեղ էի էլի, աչքիս առաջ ընկավ կռիվը,— պատասխանեց Սեյրանի փոխարեն մի ուրիշը։

Դա էլ մի կարճահասակ երիտասարդ էր նույն ձևով հագնված և ծոծրակը մաքուր սափրած պարսկական եղանակով։

— Դե՛, ես մեռնեմ լոթիանա, մի նաղլ արա տեսնենք,— դիմեց նրան մի երրորդը, որի գդակը այնքան ծուռ էր դրած, որ տեսնողը կկարծեր, թե հրես պիտի գլորվի գետին։