— Կտրիր ձայնդ... լակոտ, թե չէ գլխիդ օղողը շների փայ կանեմ,— խոսեց, վերջապես, Բարխուդարը, ատամները կրճտելով և բռունցքներն ամուր սեղմելով։
— Ադա, ադա, լեզուդ կուլ տուր, տեր մեղա քեզ աստված,— մեջ մտավ Հայրապետը, մոտենալով յուր որդուն։
— Քո բանը չի,— կտրեց յուր հոր խոսքը Սեյրանը։ — Մեկ էլ եմ ասում, Բարխուդար , աղջիկդ, Սուսանն իմս է, դուք կարող եք կռվել, թշնամանալ, բայց Սուսանն իմս է։ Հա՛, Սուսանն իմս է, ով որ նրան իմ ձեռքից ուզենա խլել, ես նրան, իմանո՞ւմ եք ինչ կանեմ, իմանո՞ւմ եք, ես նրա փորը ձկան փորի պես ջըրըղ-ջըրըղ կճղեմ։ Տեսնում ե՞ք․․․
Մեջքի կողմից, չուխայի տակից Սեյրանը դուրս հանեց մի մերկ դաշույն, որ իսկույն պսպղաց ճրագի լույսից։
Հայրապետը թուլացավ, Բարխուդարը մնաց նույն դրության մեջ ինչպես առաջ։
— Ուրախացի՛ր, Հայրապետ, փառավորվիր, որ դրա պես տղա ունես,— ասաց նա, գդակը գլխին դնելով, որ դուրս գնա։
Սեյրանը մնաց անշարժ։ Նա չէր սպասում, թե յուր սպառնալիքը այդպիսի անհաջող ազդեցություն կունենա Բարխուդարի վրա։ Նա կարծում էր, թե վերջինը տեսնելով յուր հուսահատությունը, կվախենա և կզղջա։
— Սպասի՛ր, մի գնար, ես ի՞նչ եմ արել, ումի՞ տղից եմ վատ։ Հը՞մ, ի՞նձ ես շառլատան ասում։ Ես ի՞նչ մեղավոր եմ, ի՞նչ մի մեծ մեղք եմ գործել, մի քանի անգամ Սուսանին տեսնելով։ Սիրտս ուզում էր, եկա, տեսա, դա ի՞նչ մեղք է, որ դրա պատճառով այդքան ինձ չարչարում եք։ Հայրս ծեծել է ինձ ու փողոցները գցել, դու էլ, այդ հասակի մարդ, չես ամաչում, եկել ես ու ասում, «մեր բարեկամությունը էսօրվանից կտրվում է»։ Ինչ ուզում ես արա, բայց Սուսանին իմ ձեռիցս մի խլիր, թե չէ՝ աստված է իմանում, որ այս խանչալը նրա էլ, իմ էլ սիրտը կմտնի։
— Քաշիր, ասում եմ քեզ, այ տավար, լակոտիդ կապը։ Նահլաթ, նահլաթ, աչքերս արյուն է կոխում, հոգին քթի ծակերից դուրս կբերեմ։
— Ադա, կտրիր ձայնդ, դուրս եկ, կորիր, քեոփօ․․․—