անեմ, էհ, ինչ որ լինելու է, թող լինի, էլ ուրիշ հարմար ժամանակ գուցե չունենամ։
Մի ակնթարթում Սեյրանը պարսպի գլխից թռավ Բարխուդարանց բակը։ Պարիսպը բավական բարձր էր։ Սեյրանի ընկնելու աղմուկը հասավ Սուսանի ականջներին, նա վախեցած գլուխը բարձրացրեց։ Տեսնելով, որ մի մարդկային կերպարանք մոտենում է իրան, Սուսանը կամեցավ ներս փախչել, բայց Սեյրանը նրա ճամփան կտրեց։
— Սուսա՛ն, Սուսան, աղաչում եմ, սպանիր ինձ, գլուխս կտրիր, դեն գցիր,բայց երկու րոպե ինձ լսի՛ր:
— Էլի դու՞ ես Սեյրան, ի՞նչ ես ուզում, հեռացի՛ր։
— Չեմ կարող, ես կգժվեմ, չոլերը կընկնեմ, սիրտ տուր ինձ։
— Գնա , եթե ինձ սիրում ես, էլի դուրս կգան,— պատասխանեց Սուսանը, երկյուղից զողալով։
Սեյրանը բռնեց նրա ձախ ձեռը։
— Ինձ վռնդո՞ւմ ես, Սուսան։
— Սուսանը լեզու չունի, Սուսանը աչքեր չունի, Սուսանը այս աշխարհում չի, Սուսանը մեռել է, դե, ձեռ քաշիր, — պատասխանեց Սուսանը թույլ ձայնով։
Սեյրանը չհավատաց յուր ականջներին։ Միթե՞, միթե՞, նա այս խոսքերը լսում է մի կենդանի արարածի բերանից, միթե՞ դա Սուսանն է կանգնած յուր առջև։ Նրան թվում էր, թե այդ հուսահատական ձայնը խավարի միջից արձակում է մի ուրվական։ Բայց ահա Սուսանը, ահա նրա ձեռը, որ սեղմած պահ ում է յուր ափերի մեջ Սեյրանը։ Սուսանն աշխատում է դուրս խլել յուր ձեռը, Սեյրանը բաց չի թողնում. նա ավելի ու ավելի սեղմում է և փոքր առ փոքր մոտեցնում յուր շրթունքներին։
— Գիտեմ, որ քեզ շատ են չարչարել, Սուսան, ներիր ինձ, մեղավորը ես եմ։ Մեղավորը ես եմ և եկել եմ քեզ ազատելու։
— Ազատելու՞. հըը, Սուսանին աստված միայն կարող է ազատել այս աշխարհից։
— Չէ, ես քեզ կազատեմ, կփախցնեմ։ Ես քեզ եմ